
«Մայր Աթոռի պատմության մեջ, թերևս, նման բարբարոսություն երբեք տեղի չէր ունեցել, որ զինված, դիմակավորված հրոսակախմբերը ապօրինի ներխուժեն և անարգեն սրբավայրը․․․ Բարեբախտաբար Եկեղեցու տարածքից նրանց վռնդումը տեղի է ունեցել, և նրանք չեն ներխուժել Վեհարան»,- այս մասին «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում նշեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նաև ընդգծեց, որ որևէ իրավական բաղադրիչ գոյություն չունի ո՛չ Բագրատ Սրբազանի, ո՛չ էլ Միքայել Սրբազանի կալանավորման հիմքում։
«Բագրատ Սրբազանի և նրա 15 համախոհների ձերբակալության համար հիմք է հանդիսացել ՔՊ-ի քարոզչական, երրորդական կարգի մի լրատվամիջոցի՝ «Սիվիկ»-ի մի հրապարակում, որը չունի հեղինակ, թվագրված է՝ 2024 թվական․․․ Օրինակ՝ դա կարող էր գրել Վահագն Ալեքսանյանը և տեղադրել այդ կայքում։ Եվ դա հանձնվում է Դատախազություն, Քննչական կոմիտե․․․, ու վարույթ է նախաձեռնվում, սկսում են խուզարկություններ, ձերբակալություններ․․․ Այսինքն՝ եթե երկրում պետք է հեղաշրջում լիներ, ԱԱԾ-ում խո՞տ են կերել մինչև հիմա, որ «Սիվիկ»-ն է բացահայտումներ արել»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով՝ դա սարքած պատմություն է։