Տարածաշրջանային պատերազմ կարող էր սկսվել, եթե Իրանը չպատասխաներ Իսրայելին․ Փեզեշքիան 

Իրանի նախագահ  Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «եթե իսրայելական ռեժիմի ագրեսիան անպատասխան մնար, դա կարող էր հանգեցնել լայնածավալ և անվերահսկելի պատերազմի տարածաշրջանում»։ Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող չորրորդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում հղված իր տեսաուղերձում, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ Իսլամական Հանրապետության տարածքում Իսրայելի ագրեսիայից հետո ԶՈՒ-ն պատասխան է տվել՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա և որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների ֆոնին։

Փեզեշքիանն ասել է, որ  ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) լիակատար վերահսկողության ներքո գտնվող խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիան բոլոր միջազգային կանոնների և կանոնակարգերի կոպիտ խախտում է։

Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԳԱՏԷ) մշտական ​​անդամի կողմից ագրեսիան համարվում է անդառնալի հարված միջուկային զենքի չտարածման ռեժիմի կարգավիճակին։

Նա կոչ  է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԳԱՏԷ-ին, ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել ագրեսորների և պատերազմ հրահրողների նկատմամբ։

Իրանի նախագահը նշել է, որ մարդու իրավունքների համակարգված և կրկնվող խախտումների ժամանակ Իսրայելի ռեժիմի հետ հաշտվելու քաղաքականությունից պետք է հրաժարվել։

Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք դատապարտել են Իսրայելի ագրեսիան Իրանի հողի վրա։

Իր խոսքի այլ մասում Փեզեշքիանն անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի  իրականացմանը, որը, նրա խոսքով, կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ  ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման որևէ ծրագիր չկա՝չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment