Հրդեհ Երևանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի ավտոկայանատեղիում․ տարհանվել է 350 բնակիչ, այրվել է 6 մեքենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։

Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ավտոմեքենաներ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։ Այրվել են վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ։

Factor.am-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ տարհանված բնակիչները վերադարձել են իրենց բնակարաններ։

Leave a Comment