Հրապարակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն կտա պետականացնել ՀԷՑ-ը

Քաղաքականություն

26.06.2025 | 17:08

Ազգային Ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացումն իրագործելու նպատակով շրջանառության մեջ դրված  օրենսդրական փոփոխությունների նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում, հիմնական զեկուցողը լինելու է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ  նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների և օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաև  ոլորտի գործունեություն կրիտիկական կարևորությունը:

Ուշագրավ  է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում,  նախագիծը դեռ ներկայացված չէ։

Այսօր ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը պատրաստ է, այն կներառվի ԱԺ առաջիկա օրերի արտահերթ նիստի օրակարգում։

Փաշինյանի թիմակիցը պնդում է՝ ՀԷՑ-ը պետականցնելը մասնավորի ձեռքից բիզնեսի խլում չէ։ «Դուք կտեսնեք նախագիծը, որի բոլոր հիմքերը օրենսդրությամբ սահմանված են, և մենք դրա կայացումն ապահովելու ենք։ Մենք կիրառում ենք հանրային շահի գերակայության տրամաբանությունը։ Չենք կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել»,- վստահեցրեց նա։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում Փաշինյանը ևս խոսել էր ՀԷՑ-ի պետականացումից՝ նշելով, որ ՀԷՑ-ը «կարմիր գծերն անցել է» և պետք է այն արագ պետականացնել։ Երկու օր առաջ վարչապետը ֆեյսբուքի սոցիալական ցանցում գրել էր, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։ 

 

Մանյա Պողոսյան

Leave a Comment