Բագրատ Գալստանյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ըստ Խուդոյանի՝ դեռևս չի հանդիպել իր պաշտպանյալին։ «Պետք է դատական ակտը ստանանք, բողոքարկենք և հանդիպենք քննարկելու մեր հետագա ռազմավարությունը»,- ասաց Խուդոյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սրբազան պայքարի մասնակից Մելքոն Թամրազյանը նույնպես ձերբակալվել է։
Այսպիսով իրավապահները ընդհանուր առմամբ 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
