Կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ․ Արթուր Նահապետյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսին

Հասարակություն

26.06.2025 | 11:14

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ։  Ի թիվս այլ հարցերի քննարկվել է միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը:

ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից շարունակաբար իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների քննությանն առնչվող վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը, միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքների կարևորությանը: Քննարկվել է նաև միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացման ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների հետ շարունակական հանդիպումներն ու համատեղ սերտ աշխատանքները նոր թափ կհաղորդեն իրավապահ համագործակցությանն ու նշանակալի արդյունք կապահովեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a Comment