Մակրոնն ու Էրդողանը հանդիպում են ունեցել Հաագայում

Քաղաքականություն

25.06.2025 | 22:40

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի հայտարարության համաձայն`հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Գոհունակություն հայտնելով Իսրայելի և Իրանի միջև կնքված հրադադարի կապակցությամբ, ընդգծելով ստեղծված իրավիճակի տևական հանգստացման անհրաժեշտությունը՝ նախագահ Էրդողանը նաև ընդգծել է Գազայում սրվող մարդասիրական ճգնաժամը և այնտեղ հնարավորինս շուտ մշտական ​​հրադադարի հասնելու կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Էրդողանը նաև նշել է, որ ոչ ԵՄ դաշնակիցների ներգրավումը Եվրոպայի նոր անվտանգության և պաշտպանության ճարտարապետության մեջ օգտակար կլինի և ընդգծել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին երկարաժամկետ և ռազմավարական տեսանկյունից մոտենալու կարևորությունը։

«Նախագահ Էրդողանը նաև նշել է, որ Սիրիան զգուշորեն է գործում՝ տարածաշրջանային հակամարտություններից դուրս մնալու համար, և ընդգծել է Իսրայելի կողմից այն գիտակցման կարևորությունը, որ սեփական անվտանգության ապահովումը կախված է հարևանների կայունությունից», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

Leave a Comment