Դիտում ՝ 20 261
Այսօր հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց: Եկեղեցին այն նշում է «Տիրոջ մուտքը Երուսաղեմ» տոնին նախորդող շաբաթ օրը: Սակայն սա այն օրը չէ, երբ Տերը կանչեց Ղազարոսին մեռելների միջից ու հարություն տվեց: Ղազարոսի հարությունը դրանից տասնհինգ օր առաջ էր եղել՝ այն բանից հետո, երբ Տերը, խույս տալով հրեաներից, գնաց Հորդանանի մյուս կողմը, իսկ այնտեղից էլ՝ Բեթանիա և Ղազարոսին հարություն տվեց, որից հետո գնաց Եփրայիմ, ապա՝ Երիքով, իսկ այնուհետև դարձյալ եկավ Բեթանիա և այնտեղ ընթրեց, և Ղազարոսը ներկա էր այդ ընթրիքին՝ ըստ այս խոսքի. «Իսկ Հիսուս Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել:
Եվ այնտեղ Նրան ընթրիք տվին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը Նրա հետ սեղան նստածներից մեկն էր» (Հովհ. ԺԲ 1-2): Սա Նրա վերջին այցն էր Բեթանիա, դեպի կամավոր չարչարանքները գնալուց առաջ: Այդ պատճառով էլ այն տոնում ենք Տիրոջ Երուսաղեմ գալստից առաջ:
Եվ այս մասին կամայականորեն չի գրում ավետարանիչը, այլ որպեսզի ցույց տա, թե որչափ օգուտ է բարեկամանալ Քրիստոսի հետ, և ամենահետին չարությունն է Նրանից օտարանալը. օտարացածներին է ասում. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՜ւ կացեք Ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ. Է 23): Քանզի բարի գործերի մեջ առաջինը Նրան ճանաչելն է ու աջակողմյան դասում գտնվելը: Տիրոջ բարեկամն ենք լինում, երբ սիրում ենք աղքատներին, հագցնում մերկերին, ընդունում օտարներին, կերակրում քաղցածներին և հագեցնում ծարավներին: Նաև երբ այցելում ենք հիվանդին, մխիթարում տկարին, դարձի բերում մոլորյալին, խրատում տգետին, որբերի ու այրիների խնամքը տանում, միմյանց համար աղոթում, մեղքը ներում, ոխը սրտից հանում, միմյանց հետ հաշտությամբ ու խաղաղությամբ ապրում, և միմյանց նկատմամբ սիրով ու գթասիրտ լինում, այնժամ դառնում ենք Քրիստոսի նման և Նրա բարեկամը, ինչպես Ինքն է ասում. «Սիրե՜ք միմյանց, ինչպես որ Ես ձեզ սիրեցի» (Հովհ. ԺԵ 12):
Ղազարոսի հարությունը տոնում ենք պահքի առաջին քառասունքի ավարտին՝ Մեծ պահքի վեցերորդ շաբաթի շաբաթ օրը, քանզի պահքն ու աղոթքը մեզ չարչարանակից են անում Քրիստոսին և մեր հոգին կենդանացնում պես-պես ախտերից, ինչպես Ղազարոսը հարություն առավ գերեզմանից:
Բոլոր աստվածային նշանները մեր Տեր Հիսուս Քրիստոսինն են: Դրանց մի մասը կարևոր են, իսկ մյուս մասը՝ առավել կարևոր: Եվ այս ամենով մեզ տրվում է հույս և երկնային մխիթարություն: Նշաններից առաջինով Տերը ջուրը գինի դարձրեց, ապա բուժեց խեղանդամներին, հալածեց դևերին, իսկ երբ հասավ ժամանակը, Ղազարոսին հարություն տալով եզրափակեց նշանագործությունը:
Այս մասնավոր հարությունը խորհրդանշում է. նախ՝ մարդկային բնության նորոգությունը և բժշկությունը մեռելության ախտերից, ապա՝ համընդհանուր հարությունը՝ Տիրոջ մյուս անգամ գալստյամբ: Հավիտենական Կյանքը կամեցավ մեր ապականացու բնությանը հաղորդել Իր անմահությունը՝ ոչ միայն հոգով, այլև մարմնով, այդ պատճառով էլ սկզբում բժշկեց մարմնի փոքրագույն անդամները՝ չորացած ձեռքերը, ոտքերը, տեսողությունը, լսողությունը, ապա՝ ամբողջ մարմինը՝ բորոտությունից, անշարժությունից, այնուհետև հարություն տվեց Հայրոսի աղջկան ու նայինցի պատանուն, իսկ վերջում՝ գերեզմանից կանչեց չորսօրյա մեռած Ղազարոսին, որը բոլոր մարմինների հարության առհավատչյան է:
Այստեղից հարց է ծագում. առաջին՝ ինչո՞ւ է Տիրոջ հարությունը ներկայացվում որպես համընդհանուր հարության օրինակ. քանի որ ինչպես Տերը Հայրոսի դստերը, այրու որդուն և Ղազարոսին հարություն տվեց, այնպես էլ աշխարհի վախճանին հարություն կտա բոլորին:
Չնայած որ նրանք հարություն էին առել Տիրոջ հրամանով, սակայն դարձյալ մահանալու էին, այդ պատճառով նրանց որպես հարության օրինակ չբերեց: Իսկ հավատարիմ և մեծագույն վկան ասում է. «Գիտենք, որ Քրիստոս, մեռելներից հարություն առած լինելով, այսուհետև չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի» (Հռոմ. Զ 9): Եվ մենք էլ հասարակաց հարության ժամանակ անմահությամբ ենք հարություն առնելու:
Երկրորդ հարց. եթե միշտ և բոլորից էլ զորավոր է հարություն Տվողը, ապա ինչո՞ւ է աշխարհի վախճանին անմահության հարություն տալիս, իսկ այժմ Նրա հրամանով հարություն առածները կրկին մահանում են:
Որովհետև դեռևս Իր մահն ուներ առջևում, դրա համար էլ սրանք պետք է մահանային, իսկ Նրա հարությունից հետո, երբ մահը Նրան այլևս չի տիրում, Նրա հրամանով մահացածներն անմահության հարությամբ պիտի հարություն առնեն: Որպեսզի Ինքը լինի ամեն ինչում առաջինը, և մեր հարությունը Նրա հարությունից բխի, որովհետև Նա է ննջեցյալների առաջին Պտուղը և Անդրանիկը՝ մեռելներից (տե՜ս Ա Կորնթ. ԺԵ 20, Կողոս. Ա 18):
Տերը, Ղազարոսի հարությամբ ցույց տալով Իր զորությունը հրեաներին, ցույց տվեց նաև, թե ինչպես Իր մյուս անգամ գալստյան ժամանակ բոլոր մեռելներին պիտի կանչի և հարություն տա մի ակնթարթում, առանց ապականության:
Ավետարանի մեկնությունը (Հովհ. ԺԱ 1-46)
Իսկ թե ի՞նչ խորհուրդ ունեն Ղազարոսի հարությունը կամ Նրա քույրերի աղաչանքները և կամ Տիրոջ՝ Բեթանիա գալը և հարություն տալը, այս մասին Ավետարանը պատասխանում է հստակ կերպով:
«Եվ մի հիվանդ կար Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից»: Մարդկանցից շատերը, երբ տեսնում են, որ Աստծուն հաճելի անձինք ու սրբերը չարչարվում են կամ հիվանդանում կամ էլ չքավորության մեջ ապրում, գայթակղվում են՝ չիմանալով, որ Աստծու բարեկամները, ովքեր այսպիսի փորձությունների մեջ են լինում, առավել պիտի պայծառանան փառքով, ինչպես պայծառացան Հոբն ու առաքյալները և նրանց նմանները:
Հիվանդ Ղազարոսը մարդկային բնությունն է խորհրդանշում, որը բազում ժամանակներ ընկղմվելով մարմնական հաճույքների ու մեղքերի մեջ՝ հիվանդացավ: Իսկ հիվանդությունը մարդկային ցեղի մեղքն է խորհրդանշում, մահանալը՝ մեղքերի մահը՝ ըստ հետևյալ խոսքի. «Մեղավորի մահը չար է» (Սաղմ. ԼԳ 22): Հիվանդի՝ Բեթանիայում լինելը հետևյալ նշանակությունն ունի:
Նախ՝ Բեթանիան թարգմանվում է չարչարանքների ու սգի տուն, որն ամբողջ աշխարհի օրինակն է, ուր բնակվում են մարդիկ: Այն իսկապես չարչարանքների, հիվանդության ու մահվան տուն է՝ Ադամի հանցանքների պատճառով Աստծու վճռի համաձայն կայացված.
«Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, ցավերով երեխաներ պիտի ծնես, քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ» (Ծննդ. Գ 16-19): Դրախտի վայելչությունից ու կենդանությունից Ադամի անկման համար նրան սգակից են բոլոր արարածները, ինչպես ասում է առաքյալը. «Բոլոր ստեղծվածները հեծեծում են և երկունքի ցավի մեջ են մինչև այժմ» (Հռոմ. Ը 22): Եվ կարոտ էր աշխարհն իր Հարազատի սիրուն և օժանդակությանը, այսինքն՝ Քրիստոսի, Ով խափանեց կայացրած վճիռը և անեծքը փոխեց օրհնության: «Մարիամի ու Մարթայի գյուղից»:
Ըստ պատմագիրների ու ավետարանիչների սովորության, որպեսզի բացահայտվեն բոլոր հանգամանքները, նշվում են նաև բնակավայրերը՝ ասված խոսքի հավաստիությունը հաստատելու համար: Իսկ թե ինչո՞ւ գյուղը կոչեց կանանց և ոչ թե Ղազարոսի անունով, ապա պետք է ասել, որ թեպետ բնակավայրն ընդհանուր էր նրանց համար, սակայն Ղազարոսի անունով պետք էր կոչել, բայց այս դեպքում տեղին էր բնակավայրը կենդանի եղողների անունով կոչել, քան մահացածի:
«Նրանց եղբայր Ղազարոսը հիվանդ էր»: «Ղազարոս» եբրայեցերեն նշանակում է օգնել, իսկ «Մարիամ» նշանակում է լուսավորել, ով էլ լուսավորվեց Տիրոջ լույսով և գալստյամբ: Սա այն Մարիամն էր, ով օծեց Տիրոջը յուղով, և ոչ այն մեկը, ում հիշում են մյուս երեք ավետարանիչները (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. ԺԴ 3-9, Հովհ. ԺԲ 1-8): Այն մեկը պոռնիկ կին էր, իսկ սա սուրբ էր և պատրաստ ընդունելու Քրիստոսին: «Մարթա» նշանակում է տերունական, Տիրոջ գալստյամբ բերկրած:
Ղազարոսի քույրերն արդար և օրինավոր էին, որով և հաճելի եղան Աստծուն, ինչպես Աբրահամը, Մովսեսը և մյուս մարգարեները, ովքեր արտասվալից պաղատանքներով ու աղերսական ձայնով իրենց հառաչանքներն էին առաքում առ Աստված ու ասում. «Տե՜ր, նրան, ում սիրեցիր և Քո պատկերով ստեղծեցիր, ահա հիվանդ է և դրված է չարաչար մեղքերի մահճում»:
«Քույրերը մարդ ուղարկեցին Նրա մոտ»: Սա խորհրդանշում է մարգարեների դասերը: Ինչո՞ւ չթողեցին հիվանդին, ինչպես արեցին հարյուրապետն (տե՜ս Մատթ. Ը 5) ու թագավորազնը, և իրենք անձամբ չգնացին, այլ պատգամավորի միջոցով դիմեցին Տիրոջը: Որովհետև վստահաբար հույս ունեին և անհոգ էին ջերմ բարեկամության պատճառով, նաև տկար կանայք էին և սգում էին: Նրանք մարդ ուղարկեցին՝ հղելով իրենց ջերմ սերը բազում աղաչանքներով, և աղերսեցին մեծ թախանձանքով՝ հավատալով, որ Նա է մեռելների Հարությունը, սակայն մարդկորեն խորհելով՝ շտապում էին և ալեկոծվում իրենց մտքում, որպեսզի շտապ հասնի բուժումը, քանի դեռ հիվանդը չի վախճանվել: Նրանք Հիսուսին իբրև Աստծու հավատացին և որպես ճշմարիտ բժշկի՝ հիվանդի մոտ կանչեցին:
Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, ու Ղազարոսին և բաշխում պարգևներ Իր բարեկամներին՝ ըստ առակագրի խոսքի, որ ասվում է Քրիստոսի համար. «Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են Ինձ» (Առակ. Ը 17): Մինչ Տերը Եգիպտոս էր իջնում, սրանք արդեն այնտեղ էին և շատ անգամ սիրով ընդունել և իրենց ձեռքերին կրել էին բոլորիս Կրողին՝ Հոր Միածնին, և վերցրել էին իրենց բազուկների վրա՝ Իր խոսքի զորությամբ բոլորիս Վերցնողին: Եգիպտոսից Տիրոջ վերադարձից հետո նրանք ևս վերադարձան Հովսեփի և Կույս Մարիամի ընկերակցությամբ և հաստատվեցին Բեթանիայում:
«Տե՜ր, ահավասիկ նա, ում Դու սիրում էիր, հիվանդացել է»: Թեպետ դեռևս չունեին հաստատուն հավատ, սակայն սերը հիշատակելով՝ խորհում էին Նրան մեջ գութ առաջացնել իրենց եղբոր հանդեպ:
«Երբ Հիսուս լսեց, թե Ղազարոսը հիվանդացել է»: Լսեց՝ գթալով հիվանդին, և թույլ տվեց մահվանն իշխել նրա վրա ու մահացնել: Հիսուս ոչինչ չպատասխանեց. ո՜չ գնալու ու բժշկելու մասին ասաց և ո՜չ էլ չգնալու և չբժշկելու: Լուր բերողները հիվանդի անունը հայտնեցին և որպես պատասխան՝ Աստծու փառքի մասին լսեցին ու տրտմությամբ վերադարձան:
«Այդ հիվանդությունը մահաբեր չէ»: Այս խոսքը ցույց է տալիս, որ այս հիվանդությունը չունի նրան մահացնելու իշխանություն, այլ միայն մի փոքր ժամանակով, որպեսզի դրանով քարոզվի Աստծու փառքը: Կարծես թե Տերը հեռվից շոշափեց հիվանդի զարկերակը և ստուգապես զննեց այն ամենայն մանրամասնությամբ: Իսկ մարդիկ չարախոսում էին Նրան, որ չկարողացավ օգնել Իր սիրեցյալին: Եվ ո՞րն է ավելի դյուրին. մեռելին ոտքի կանգնեցնե՞լը, թե՞ կենդանի մարդուն քնից արթնացնելը:
«Աստծու փառքի համար է»: Թվում է, թե ժխտող հրեաների պատճառով է Հոր կողմը դարձնում խոսքը, ինչպես արեց նաև գերեզմանի վրա աղոթելիս, որովհետև հրեաները Հիսուսին Հորը հակառակ էին կարծում: Եվ ապա հայտնում է, որ աստվածային հրամանով է կանչելու մեռածին՝ դրանով հայտնելով Հոր և Իր կամքի միությունը և փառակցությունը:
Այնպիսի խոսք, որ Տերն ասաց կույրի համար. «Ոչ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. Թ 3), ճիշտ նման մի խոսք էլ ասաց նաև Ղազարոսի համար. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի» (Հովհ. ԺԱ 4):
«Հիսուս, լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, տակավին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր»: Երկու օր մնաց այնտեղ՝ թույլ տալով ավազակին մտնել Իր սիրելիի տունը և այնտեղ խռովություն ու ապականություն գործել, և մահը գոռոզանալով իր կամքը կատարեց: Սա նաև մոլեգնոտ հրեաների հանդգնության պատճառով արվեց, որպեսզի հրապարակավ տեսնեն սքանչելիքը Ղազարոսի հարության:
«Եվ երկու օր մնաց այնտեղ»: Եվ ինչո՞ւ երկու օր ընդմիջեց և ապա՜ մարմնով երևաց: Որովհետև այդ ժամանակներում մարդիկ տակավին մանուկներ էին, ուսման մեջ՝ անկատար ու անկարգ, չէին փնտրում փրկություն ու չունեին հույս, այդ պատճառով էլ հապաղեց, որպեսզի չարի փորձություններից նեղվելով ու մեղքերից չարչարվելով՝ կարոտեն Նրա փրկական գալստյանն ու Օրենքով խրատվելով՝ կարողանան ընդունել կատարյալ գիտությունը: Եվ երբ կարոտեցին, այդժամ էլ երևաց Փրկիչը:
«Երկու օր» ասելով՝ նկատի ունի առաջին օրը Մովսեսից մինչև Դավիթ, իսկ երկրորդ օրը՝ Դավթից մինչև Հովհաննես: Եվ երբ ժամանակը հասավ իր լրմանը, և հասավ աշխարհի փրկությունը, եկավ Տերն անապատից, այսինքն՝ սուրբ արգանդից, ու գտավ մեզ մեղքերի մեջ մեռած, նեխած ու հոտած ժանտահոտ ախտերով, և ո՜չ թե չորս օր, այլ շատ ժամանակ: Դարձյալ՝ Տերը մահվան ժամին չհասավ Ղազարոսի գյուղը, որպեսզի հրեաները չասեն, թե նախապես պայմանավորված էին միմյանց հետ:
«Ապա դրանից հետո Իր աշակերտներին ասաց. «Եկե՜ք վերստին գնանք Հրեաստան»: Մահվան երկյուղը եկավ այնտեղ և չարաչար տագնապեցրեց աշակերտներին՝ առավել, քան Ղազարոսի քույրերին: Եվ աշակերտներն այնչափ զարհուրեցին ու դողացին, կարծես դուրս էին ելնում իրենց մարմիններից, և այդ նրանք էին, ովքեր լսեցին Տիրոջից. «Մի՜ վախեցեք նրանից, որ մարմինն է սպանում, բայց հոգին սպանել չի կարող» (Մատթ. Ժ 28):
«Աշակերտները Նրան ասացին. «Ռաբբի՜, հրեաները դեռ նոր էին ուզում Քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում»: Աշակերտները տարուբերվում էին այս ու այն կողմ: Տերը չկամեցավ նրանց հայտնել խորհուրդը, որովհետև տեսան հարության հրաշքը և չհավատացին Նրան, Ով հոգին ու մարմինն ապրեցնում է և՜ այստեղ, և՜ հանդերձյալում, և կարող է բոլոր ննջեցյալներին հարություն տալ:
Տերը նախ տասներկուամյա մի աղջկա՝ Հայրոսի դստերը, հարություն տվեց, ապա Նային քաղաքում՝ մի պատանու: Եվ Նա, Ով ուրիշների մահը հալածեց, առավել ևս Իր աշակերտներինը կհալածի: Աշակերտները Թաբոր լեռան վրա լսեցին. «Դա՜ է Իմ սիրելի Որդին, Որին հավանեցի, Դրա՜ն լսեցեք» (Մատթ. ԺԷ 5), սակայն նրանք, փոխանակ լսելու, դեռ հրամայում էին Նրան չգնալ: Եվ եթե նրանց անգամ հայտներ Ղազարոսի խորհուրդը, միևնույն է, չէին հավատալու իրենց մտքի տկարության պատճառով:
Փրկիչը չուներ սովորություն նախապես ծանոթանալ այն տեղերին, ուր գնալու էր, այլ գնում էր այնտեղ, ուր կար չարչարանք: Իր քարկոծողների մոտ էր գնում, որպեսզի նրանք, փոխանակ Իրեն գահավեժ անելու, լինեն Նրա թարգմանները, և այնտեղ շատերը Նրան հավատացին:
Հիսուս ասում է. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»:
Ամբողջ օրվա համար է հայտնում, որովհետև Տիրոջ օրով լուծարվում է կռապաշտության խավարը նրանց համար, ովքեր Նրանով են ընթանում: «Օր» բառը եբրայեցերեն նաև լույս է նշանակում, և Քրիստոս է աշխարհի Լույսը, որ լուսավորում է:
«Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում», ապա որքան առավել նրանք, ովքեր Նրա հետ էին՝ աշխարհի Լույսի: Պետք չէ իմանալ որպես մարմնավոր աչքի լույս, այլ հոգու աչքի՝ հավատի լույս: Նա, ով հոգու տեսողություն չունի, անգամ եթե միջօրեին քայլի, կսայթաքի, և խավարը միշտ նրա հետ կլինի: Այսպես Տերը խոսքով որոշ չափով կրթեց աշակերտների միտքը, քանի դեռ չէր մեռել խաչի վրա և իջել գերեզման:
Այս խոսքերն ասելուց հետո նորից դիմեց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն Ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Տերն արհամարհեց մահն աշակերտների առջև՝ այն նինջ համարելով: Աշակերտներին ասելով, թե Ղազարոսը ննջել է՝ դրանով հայտնեց, որ մահը նինջ է նրանց համար, ովքեր հավատում են:
Տերը կաթով էր սնում աշակերտներին՝ իբրև մանուկների մայրաբար ծնելով ու դայակաբար սնուցանելով, և նրանց տգիտությունը ծածկում Իր իմաստությամբ: Արդար գառների նման անմեղ էին առաքյալները. ինչպես տեսնում էին, այնպես էլ իմանում էին, Տիրոջից ինչ լսում էին, հավատում էին, սակայն չէին կարողանում հասու լինել աստվածային խորհրդին: Աշակերտները կարծեցին, թե առակներով է խոսում, ինչպես շատ անգամ էր արել: Իսկ արթնացնելն այն է, որ զարթնեց Տերը և եկավ մեզ ապրեցնելու: Որովհետև Տերը եկավ ու գտավ մեզ մեղքերում մեռած և ժանտահարությամբ նեխած, և ոչ թե չորս օր, այլ շատ ժամանակներ:
Ղազարոսը մահանալուց հետո դժոխք գնաց՝ սատանայի իշխանության ներքո, և մինչև նա՝ դեռ ոչ ոք չէր ելել այդ արգելավայրից, որովհետև ով այդ դռների սեմից ներս էր մտնում, այլևս հնար չէր ունենում այնտեղից դուրս գալու:
«Աշակերտները Նրան ասացին. «Տե՜ր, եթե ննջել է, ապա կառողջանա»: Շատ հիվանդներ են ննջել ու չեն ապրել, և կան, որ ննջել են ու ապրել: Աշակերտներն այսպիսի խոսքերով կամենում էին սփոփել Ծածկատեսին: Նրանք գիտեին, որ Տերը սիրում է Ղազարոսին, և չէին կամենում, որ նրա ընտանիքին որևէ վիշտ հասնի, ննջելն առողջանալու նշան էին կարծում և ասում էին, որ կարիք չկա շտապ գնալու:
«Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ»: Տերը բացահայտեց ծածուկ խորհուրդը, որպեսզի հանկարծակի գալով չցնցվեն ճչալով կամ կոծելով: Բոլոր բժիշկներն էլ մինչև մարդու մահանալն աշխատում են բոլոր դեղամիջոցներով փրկել հիվանդին, իսկ Ղազարոսի Բժիշկը թույլ տվեց նրան մահանալ, որպեսզի նրա մահով ցույց տա Իր զորությունը: Տերը չգնաց իբրև բժիշկ՝ հիվանդությունը բուժելու, որովհետև Նա՝ որպես Աստված, պետք է ապրեցներ հիվանդին:
«Ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպեսզի դուք Ինձ հավատաք»: Եթե ուրախ էր, ապա ինչո՞ւ էր լալիս, երբ գնաց այնտեղ: Բայց պետք է տեսնել, թե մինչ այս պահը Նրա մերձավորները որչափ հեռու էին և՜ Նրանից, և՜ կատարյալ հավատից:
Սրանք մանվածապատ խոսքեր էին և չէին կարող հասանելի լինել: Մահվան անունը և ուրախությունը նրանց լսելիքի համար հռչակվեցին, և աշակերտները, զարմացած, չէին կարողանում հասու լինել երկիմաստ խոսքին: Տերը պարծենալու համար չէր նրան հարություն տալիս, այլ աշակերտների հավատի հաստատության, և ուրախ էր, որ տեսնելու են Իր զորության չափը: Եվ երկչոտ Թովմասը մեզ տեղեկացնում է նրանց անմտության մասին:
«Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկեք մենք է՜լ գնանք, որ Նրա հետ մեռնենք»: Նա գնաց մեռելին հարություն տալու, իսկ կենդանի աշակերտները՝ իրենց մահվան մատնելու, քանզի այս պահի համար տարակուսում էին: Երկրագործ մշակների համար ավելի դյուրին է կոշտացած հողը կակղեցնել, քան գիտուններին՝ հավանություն գտնել տգետների մոտ:
Մշակը քիչ է աշխատում հողի վրա, սակայն բազում պտուղներ է ակնկալում, իսկ կույր մտքով տգետին միայն Աստված կարող է գիտություն տալ: Աշակերտները ստուգվեցին, որ պատրաստ են գնալու և Նրա հետ քարկոծվելու, որի համար Տերը նրանց մխիթարեց ու քաջալերեց և նրանցից երկյուղը վանեց:
«Հիսուս եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ»: Որովհետև մոտ է Բեթանիան Երուսաղեմին, և սուգն էլ մոտ էր ուրախությանն ու խաղաղությանը: «Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ»: Նրանց գալն աստվածային տեսությամբ պետք է իմանալ, որպեսզի տեսնողները զվարճանան աստվածային նշաններով, քանզի նրանցից ոմանք օգուտ ստացան՝ Քրիստոսի վրա խարսխված իրենց հավատը հաստատելով: Իսկ ինչո՞ւ եկան. չէ՞ որ հրեաներն ուխտել էին, որ եթե որևէ մեկը Նրան Քրիստոս խոստովանի, ապա ժողովրդի միջից դուրս պիտի մղվի:
Միգուցե եկել էին տրտմության տագնապից մղված, կամ էլ միգուցե Մարիամի ընտանիքն ազնվական էր, և նրանք աչառություն էին անում: Եվ կամ այնպիսիներ էին, որոնցում չկա խորամանկություն, քանի որ շատերը կարծում էին, թե կարող են մխիթարել սգավորներին:
Այդ օրերին ագարակը քաղաք էր դարձել, և քաղաքը՝ ագարակ, որովհետև վշտի պատճառով ողջ քաղաքն այդտեղ էր հավաքվել:
Մեր բնության սովորությունն է, և սիրում ենք մտնել սգո տուն՝ լսելով այլոց բոթը, քան թե ուրախության տուն: Ոմանք եկել էին լկտիությունից մղված, ոմանք էլ՝ ոտնահարելու, իսկ շատերն էլ՝ շատախոսելու, և քչերն էին մասնակից լինում տրտմությանը: Որովհետև բոլոր մխիթարողներն էլ անձամբ լի էին տրտմությամբ, և քանի որ տրտումը տրտմածին չի կարող մխիթարել, ապա և սգավորն էլ սգավորին չի մխիթարի, եթե սգի վրա սուգ չավելացնի: Մեկն ասում էր. «Մի՜ տրտմիր, իմ եղբայրը մանուկ հասակում մահացավ», և այսպես յուրաքանչյուրը մի տարաժամ մահ էր պատմում, որից ավելի է բեկվում սիրտը, և աղիքները՝ գալարվում: Այս ամբոխին թողեց Մարթան և ընդառաջ գնաց Հիսուսին:
«Մարթան երբ լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր»: Մարթան ընդառաջ գնաց Օրենքի ու մարգարեների օրինակով, ովքեր կանխասելով ցույց տվեցին Հիսուսին որպես աշխարհի Փրկչի: Մեկը եղավ իբրև բերանի խոսք, իսկ մյուսը՝ սրտի խորհուրդների շտեմարան: Երկուսն էլ գովելի օրհնության մեջ էին: Սիրտն իր տեղում հաստատուն մնաց, իսկ խոսքը՝ սրտի խորհուրդների թարգմանը, առաջ գնաց՝ պատմելու զգալի սրտի պաղատանքները Նրա լսելիքին, Ով կարող էր վերացնել տխրությունն Իր սիրելիների տնից:
Մարթայի սերն առավել էր եռում, քան Մարիամինը, որովհետև մինչ այս ամենը, երբ Հիսուս եկավ նրանց մոտ, Մարթան սպասավորություն էր անում՝ Տիրոջն ասելով. «Տե՜ր, Քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՜ դրան, որ օգնի ինձ» (Ղուկ. Ժ 40): Եվ երկրորդ անգամ ևս, երբ Տերը եկավ Ղազարոսին կենդանացնելու, Մարթան առաջինը Նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը մնաց տանը: «Ասում է Մարթան Հիսուսին. «Տե՜ր, եթե Դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»:
«Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարե, մարգարեի վարձք կստանա» (Մատթ. Ժ 41), իսկ ով Աստծուն է ընդունում, աստվածային փառք կժառանգի: Մարգարեացավ Մարթան, որ ուր կենդանությունն է, այնտեղ մահը չի մտնում: Տերը բազում անգամ մտել էր Մարթայի ու Մարիամի տունը, և մահը գյուղից հալածական էր եղել, որովհետև ուր կա հոգևոր իմաստություն, այնտեղ կան և աստվածային սեր, ճշմարիտ հավատ և ստույգ մարգարեություն: