Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ Ռուսաստանը հերթական կոշտ ուղերձն է հղել ՀՀ իշխանություններին։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով՝ արդեն այս տարվա վերջին Հայաստանը և Ռուսաստանը կարող են կորցնել մինչև 6 միլիարդ դոլար, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ուղղակիորեն հարվածում է ռուսական ուղղությամբ ապրանքաշրջանառությանը։
Ավելին՝ Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է, որ Հայաստանի խորացող եվրաինտեգրացիան կարող է բերել նաև ռուսական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի փակմանը. «Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար, արդյոք Հայաստանը նույնպես կփակի՞։ Եթե դուք միանաք ԵՄ-ին, ապա՝ այո՛, քանի որ Բրյուսելը ձեզ կասի փակել երկինքը, ու դուք այլընտրանք չեք ունենա։ Ու ի՞նչ…»
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ևս շեշտել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի մի շարք հիմնարար առավելություններ՝ ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, մաքսային արտոնություններ, մրցունակություն, աշխատանքային ու տեխնիկական կարգավորումներ, սանիտարական ու բուսասանիտարական չափանիշներ։
Այս հայտարարությունները պատահական չեն. Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ինքն էր ակնարկել, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ Ու չնայած այդքան հստակ նախազգուշացումներին՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ հաստիքային արևմտամետները մինչ օրս չեն ներկայացրել, թե ինչ տնտեսական հաշվարկների հիման վրա են պատրաստվում Հայաստանին քարշ տալ դեպի Եվրամիություն։
Եզրակացություն. Ռուսաստանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու գործնական դաշտերում արդեն կոշտացնում է դիրքորոշումը։ Որքան խորանա Հայաստանի եվրոպական նկրտումը, այնքան ծանր ու ցավոտ հետևանքներ կունենա այն Հայաստանի համար։