Sky. Բրիտանիան տեղեկացված է եղել Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին

Մեծ Բրիտանիան չի մասնակցել ԱՄՆ-ի Իրանին հասցրած գիշերային հարվածներին, սակայն Վաշինգտոնը նրան տեղեկացրել է սպասվող հարձակման մասին։ Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի հարցերով նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը։
«Ուզում եմ հավաստիացնել, որ Մեծ Բրիտանիան ներգրավված չի եղել այս հարձակումներում»,- հայտնել է պաշտոնյան։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը չի դիմել Հնդկական օվկիանոսի կենտրոնում գտնվող համանուն կղզու վրա տեղակայված Դիեգո-Գարսիա համատեղ բրիտանա-ամերիկյան ռազմաբազայի կամ Կիպրոսում թագավորական ՌՕՈւ-ի բազաների օգտագործման խնդրանքով։
Ինչ վերաբերում է սպասվող հարվածների մասին Վաշինգտոնի կողմից տեղեկացմանը, Ռեյնոլդսը հայտնել է. «Ես չեմ կարող ձեզ հստակ ասել, թե երբ ենք իմացել, բայց, ինչպես կարող եք ակնկալել, մենք տեղեկացված ենք եղել»։
Նախարարը նաև հավաստիացրել է, որ տարածաշրջանից բրիտանացիների տարհանման համար նախատեսված չվերթները պետք է կազմակերպվեն «ժամերի, ոչ թե օրերի ընթացքում»։

Leave a Comment