ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, այնտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Այդ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների և հաստատությունների ներկայացուցիչներ, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդը, հայ բողոքական եկեղեցու հոգևոր հովիվը, Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ԱԶԿ(Արդարաություն և Զարգացում կուսակցություն) Ստամբուլի պատգամավոր Սևան Սիվաջըօղլուն և Ստամբուլի հայկական մամուլի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր նաև «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը։
Հայաստանից հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա չէր Թուրքիայի հայոց պատրիարքարանի որևէ ներկայացուցիչ: Հանդիպումը Ստամբուլի Բեշիկթաշի «Քոնրադ» հյուրանոցում տևել է մոտ երկու ժամ: Հանդիպմանը հետևել են նաև «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Եդուարդ Դանզիկյանը և «Ակոս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Սակայն հանդիպմանը ներկա չեն եղել Պոլսո Պատիարքարանի որևէ հոգևորական, թեև նրանց հրավերներ են ուղարկված եղել:
Երբ Փաշինյանին հիշեցրին, որ Թուրքիայի հայոց պատրիարքարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցել հանդիպմանը, Փաշինյանն ասաց. «Եթե նրանք չգան ինձ մոտ, ես կգնամ նրանց մոտ»։ Փաշինյանի խոսքերը ծափահարությունների արժանացան մասնակիցների կողմից, սակայն պատիարքարանը զարմանալիորեն փակ էր երեկ, որևէ հանդիպում և շփում հոգևորականների հետ այդպես էլ տեղի չունեցավ:
Նարե Ղազարյան