Զախարովա. Հայ-ռուսական օրակարգում հանրապետությունից ռուսական զորքերի դուրսբերման հարց երբեք չի եղել

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի, սակայն օրակարգում երբեք չի եղել հանրապետությունից ռուսական զորքերի դուրսբերման հարց։ Այդ մասին հունիսի 19-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Ընդ որում, նա խոստովանել է, որ երկրների միջև, անշուշտ, կան նաև խնդրահարույց հարցեր, նկատելով, որ նման բան կա ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում:

 

Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի հետ կանոնավոր երկխոսություն ունի բոլոր մակարդակներում: Նա նաև հավելել է, որ Երևանի հետ գործնական հարթությունում երբեք չի բարձրացվել ռուսական զորքերի դուրսբերման հարցը: “Այդ հարցը գործնական հարթությունում երբեք չի բարձրացվել։ Հնարավոր է՝ այն քննարկվել է Հայաստանի համայնքների, փորձագիտական շրջանակների, հանրության ներսում, բայց Երևանի հետ մեր փոխգործակցության մեջ այդ հարցը չի բարձրացվել”, – ասել է նա ՝ անդրադառնալով  Հայաստանի տարածքում ռուսական զորքերի գտնվելու մասին հարցին։

 

Անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակմանը՝ Սյունիքով միջանցք ստանալու համար, Զախարովան ասել է. “Նույնիսկ մտածել այդ մասին չեմ ուզում: Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապաԷսկալացմանը”։

 

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի առաջնորդին ուղղված շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ դադարեցնել ռուսական զորքերի ներկայությունը երկրում:

 

Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, Հայաստանի տարածքում ՌԴ ռազմակայանի գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը:

Leave a Comment