
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ հայ-իրանական սահմանին խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել։
Իրան-Իսրայել պատերազմի հետևանքով շատ իրանցիներ գալիս են Հայաստան, որի արդյունքում կտրուկ բարձրացել է տրանսպորտային միջոցների և ավտոմեքենաների կողմից նրանց տեղափոխման արժեքը։
Եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ 75 դոլարով (28 հազար դրամ), ապա հիմա` 220 դոլարով (շուրջ 85 հազար դրամ)։ Ավելին, երեկ ահազանգ եղավ, որ իրանցիներից մեկից 350 դոլար են ուզել Երևան տեղափոխելու համար:
Բացի սա, կա մտավախություն՝ եթե մեծ թվով իրանցիներ ժամանեն Հայաստան, ինչը չի բացառվում, այստեղ վերահսկողություն չի լինի, մասնավորապես, անշարժ գույքի շուկայում և կլինի բարձիթողի իրավիճակ։
Mediahub-ի հետ զրույցում Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, անդրադառնալով տրանսպորտային միջոցների թանկացմանն ասաց, որ հանդիպել է ուղևորափոխադրողների հետ։
Նա հավաստիացրեց, որ առաջիկայում լինելու են ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, որոնք տեղափոխելու են Իրանից ժամանած մարդկանց։
«Մի քանի անգամ թանկ ուղևորափոխադրումը իրականացրել են անհատները, իրենց անձնական մեքենաներով»,– ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկայում մի անձի տեղափոխությունը կարժենա 10-ից մինչև 15 հազար դրամ։
Նշենք, որ այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հանդես էր եկել Իրանից ժամանող ՌԴ քաղաքացիների համար հայտարարությամբ, որում նաև նշված էին այն գները, որոնք գործում են Մեղրիից կամ Ագարակից Երևան տեղափոխվելու համար:
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ