Թուրքիայում կլինի՞ Փաշինյան-Ալիև հանդիպում կամ շփում





Հայաստանի վարչապետ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ հունիսի 20-ին կայցելի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նիկոլ Փաշինյանը հաստատել է փաստացի այն, ինչի մասին խոսել էի թեմայի վերաբերյալ նախորդ հոդվածներում՝ Թուրքիայում կլինի Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի համատեղ հայտարարություն:

Հայաստանի վարչապետը, սակայն, չի ներկայացրել դրա բովանդակությունը՝ ասելով, որ կողմերի միջև պայմանավորվածության համաձայն բովանդակությունը պետք է փակ պահվի մինչև հանդիպում: Թուրքիա այցի ինտրիգը, սակայն, լոկ համատեղ հայտարարության բովանդակությունը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի այցից մեկ օր առաջ՝ հունիսի 19-ին Թուրքիա է այցելելու Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լինելու է 2023 թվականին երկրաշարժին ավիրված Ղահրամանմարաշում, որտեղ նրանց մասնակցությամբ բացվելու է ադրբեջանական նորակառույց թաղամաս: Ալիևի այցի այլ ծրագիր ու ժամկետ գոնե առայժմ հայտնի չէ: Մասնավորապես հայտնի չէ, թե նա որքան կմնա Թուրքիայում, կայցելի՞ Անկարա, հունիսի 20-ին կլինի՞ այնտեղ, թե ոչ: Որովհետև եթե Ալիևը այսպես ասած «ոտքը կախ գցի» Թուրքիայում, ապա հնարավոր է, որ Էրդողանը ձգտի կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում:

Էրդողանը կարո՞ղ է այդպիսի խնդրանքով կամ առաջարկով դիմել Ադրբեջանի նախագահին: Համենայն դեպս ուշադրության արժանի է, որ Ալիևի և Փաշինյանի այցերի ժամանակագրությունը կազմակերպվել է այդ «խտությամբ»: Իհարկե, պետք չէ բացառել՝ եթե Ադրբեջանի նախագահը լինի Անկարայում, որ Թուրքիան կազմակերպի թեկուզ ոչ պաշտոնական, ոչ հրապարակային շփում: Բոլոր դեպքերում անկասկած է այն, որ Ալիևի այցի ընթացքում Էրդողանը նրա հետ քննարկվելիք հարցերի առումով մեծ տեղ կտա հարցերին, որոնք առնչվում են Հայաստանին և հաջորդիվ քննարկվելու են Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպիսին կլինի դրանց բովանդակությունը, թերևս բարդ չէ գուշակել՝ դիտարկելով այն տրամաբանությունը, որով մինչ այժմ ընթացել են և ընթանում են հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական «գծերը»:

Leave a Comment