Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Ըստ փաստաբանների՝ քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։
«Իբրև թե, Սամվել Կարապետյանը հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որն իրականության հետ բացարձակ կապ չունի։ Ապօրինի մեղադրանք են առաջադրել, որը մեր վստահորդը չի ընդունում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը, հավելելով՝ որ միջնորդություն է ներկայացվել կալանավորման. «Յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է այս տեսանյութը դիտել և ինքն իր մեջ գնահատել՝ դա հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ»։
Հիշեցնենք՝ երեկ Կարապետյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձոլ էր վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելուն.«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»։
«Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։
Ուշագրավ է, որ սկզբում լրատվամիջոցը նշել էր, թե Կարապետյանն ասել է. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սակայն, 01:12 րոպե տևողությամբ հարցազրույցի մեջ բացակայում է «միջամտել» բառը։
Ըստ ամենայնի՝ մեղադրանքի հիմքում զրույցի հենց այս մասն է դրվել.
«Մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Զավեշտալին այն է, որ նշված հոդվածը պատիժ է նախատեսում նաև այլընտրանքային ձևով, ինչպես նաև տուգանք պատժատեսակ, հանրային աշխատանքներ, հանդիսանում միջին ծանրության հանցագործություն։ Նման հոդվածով՝ միջին ներկայացնել կալանքի, վկայում էր այն մասին, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է։ Մենք մեր բողոքներն են ներկայացնելու դատարաններում»,- նշեց Կարապետյանի մյուս պաշտպան Լիանա Գասպարյանը։
Փաստաբանների փոխանցմամբ այս պահին դեռևս կալանքի միջնորդությունը մուտքագրված չէ դատարան, սակայն առաջիկա ժամերին սպասվում է.
Անդրադառնալով երեկ Կարապետյանի առանձնատան մոտից բերման ենթարկված անձանց, փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց՝ նրանց սահմանված ժամից երկար են պահել.
«50-ից ավել անձանց մասով նկատմամբ անհամաչափ հարկադրանք է կիրառվել, խախտվել է անձեռնմխելիության իրավունքը, որի մասին հետագայում կբարձրաձայնենք։ Հետագայում կհամոզվեք, որ այս ամենը կրում էր բացարձակ ապօրինի բնույթ։ Եվ ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարութային գործողությունների ընթացքում՝ աբսուրդի ժանրից է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին Կարապետյանը հարցաքննվում է։
Ռոզա Վարդանյան