ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Պիցցա»-ի՝ Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղի գործունեությունը, հայտնել են մտեսչական մարմնից։
Ըստ հրապարակման՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում:
ՍԱՏՄ-ն մասնաճյուղում հայտնաբերվել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
Բացի այդ՝ սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից, ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ մասնաճյուղի համար սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու նպատակով։
Հունիսի 11-ին «Տաշիր Պիցցան» շրջանառությունից հետ էր կանչել այն ուտեստները, որոնցում ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերել է բակտերիաներ։
