Բնական է՝ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Եկեղեցու նկատմամբ գործողություններին. Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: 

«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար:

Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին», – ասված է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ Սամվել Կարապետյանը միայն Հայաստանում չէ, որ մեծ հեղինակություն ունի:

«Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլև դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:

Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին` Սամվել Կարապետյանին», – նշել է ՀՀ նախկին վարչապետը:

Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։

ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Նա նաև չէր բացառել, որ գործարարին կարող են ձերբակալել։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։

Հունիսի 17-ին՝ գիշերը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնել։ Թքած ունեմ ցանկացած ՀԷՑ-երի վրա, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդն իր խոսքը կասի, իրենք հասկանալու են: Չմոռանաք, բոլորին դաս կտանք»,- նախքան ոստիկանություն տեղափոխվելը՝ իր տան մոտ, հայտարարել էր Կարապետյանը:

Նրան ծափերի ներքո էին նստեցրել ոստիկանական մեքենան։

Armenia Today-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քննչական գործողություններից հետո Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտե:

 

Leave a Comment