Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը:

«ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Սոբհանին նշեց, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին այս հակամարտությունում և հայտարարեց, որ «այս պատերազմը պարտադրված է Իրանին»։

«Մենք կպաշտպանվենք, բայց մտադիր չենք անցնել մեր «կարմիր գծերը», – ասաց դիվանագետը։

Արձագանքելով Իսրայելի և Իրան միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն.

«Հավաստի փաստեր պետք է լինեն։ Չունենք տվյալներ, թե Իրանից Հայաստան տեղափոխվածներ կան: Զոհված կամ վիրավորված հայերի մասին էլ տեղեկություն չունենք»,- նշեց Սոբհանին:

Leave a Comment