Թուրքիան մեծացնում է հրթիռների արտադրությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան արագացնում է հրթիռների արտադրությունը՝ իր կարճ և երկար հեռահարության հրթիռների պաշարները հասցնելու զսպման մակարդակի՝ տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում, գրում է Turkiye today-ը։

«Մենք կարճ ժամանակում կունենանք պաշտպանական կարողություն, որին ոչ ոք չի համարձակվի մարտահրավեր նետել», – հեռուստատեսային ելույթում ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտություն է վարում Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտությանը վերջ դնելու համար՝ նշելով, որ և՛ ինքը, և՛ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ակտիվորեն ներգրավված են եղել։

«Մենք հստակ տեղեկացրել ենք մեր գործընկերներին, որ Թուրքիան պատրաստ է անել այն ամենը, ինչ մեզանից պահանջվում է, այդ թվում՝ օգնություն», – ասել է Էրդողանը։

Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը պատրվակ է, որն ունի «ավելի լայն» և «նենգ» նպատակներ։

«Յուրաքանչյուր ճնշման ակտով, թափված արյան յուրաքանչյուր կաթիլով և մարդկության դեմ կատարված յուրաքանչյուր հանցագործությամբ Իսրայելը աստիճանաբար վտանգում է իր սեփական գոյությունը և իր ազգի ապագան», – ասել է Էրդողանը։

«Մեր տարածաշրջանում իրականությունը հաշվի չառնելով արված յուրաքանչյուր քայլ հանգեցնում է հետագա աղետների։ Այս աղետները սովորաբար հանգեցնում են բռնակալների անկմանը»։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Իսրայելը, «որը ոչնչացրել է Գազան և ահաբեկում է  տարածաշրջանը», կարող է «շատ ուշ» գիտակցել իր սխալը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են  բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է  հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment