
Կիևը հույս ունի, որ Ավստրիան կօգնի լուծել արդարադատությունից թաքնվող ուկրաինացի պաշտոնյաների և օլիգարխների հարցը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram ալիքով՝ իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպումից հետո։
«Մենք հույս ունենք Ավստրիայի աջակցության վրա մեր երկրի վերականգնման և ուկրաինական արդարադատությունից թաքնվող նախկին պաշտոնյաների և օլիգարխների հարցի լուծման գործում», – գրել է Զելենսկին։
Ուկրաինայում մի քանի գործ է հարուցվել երկիրը լքած միլիարդատերերի, մասնավորապես՝ գործարար և նախկին պատգամավոր Կոնստանտին Ժևագոյի և ձեռնարկատեր Գենադի Բոգոլյուբովի դեմ։ Ժևագոն մեղադրվում է «Ֆինանսներ և կրեդիտ» բանկից 113 միլիոն դոլար հափշտակելու մեջ. գործարարը փախել է երկրից։ 2023 թվականին Ֆրանսիան հրաժարվել է նրան արտահանձնել Ուկրաինային։
Բոգոլյուբովը լքել է Ուկրաինան 2024 թվականի հուլիսին, որից հետո նրան մեղադրել են սահմանն անօրինական կերպով հատելու և ուրիշի անձնագիրն անօրինական կերպով յուրացնելու մեջ։ Ուկրաինայում Բոգոլյուբովի և Ժևագոյի դեմ պատժամիջոցներ են կիրառվել։
Զելենսկու խոսքով՝ Ավստրիայի նախագահի հետ հանդիպմանը նրանք քննարկել են նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը, ինչպես նաև «Ավստրիայի պատրաստակամությունը՝ արժանի միջնորդություն ցուցաբերելու» վերսկսված բանակցությունների շրջանակներում ռուսական կողմի հետ հանդիպումների համար։