Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել ևս 1245 զոհվածի մարմին

Քաղաքականություն

16.06.2025 | 16:31

Հունիսի 16-ին Ուկրաինային է վերադարձվել ևս 1245 զոհվածի մարմին, այդ թվում՝ զինծառայողների։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը, գրում է Meduza-ն։

«Ստամբուլի պայմանավորվածությունների շրջանակում հայրենադարձման մասն ավարտվել է»,- հայտարարել է գերատեսչությունը։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան Ստամբուլի պայմանավորվածությունների հայրենադարձման գործողությունների շրջանակում ստացել է 6057 զոհվածի մարմին, հավելել է շտաբը։

Ստամբուլի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իր հերթին, հայտնել է, որ Մոսկվան Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների և զինվորների 6060 մարմին։ Մեդինսկիի պնդմամբ՝ փոխանակման շրջանակում Կիևը Մոսկվային է հանձնել զոհված ռուս զինվորների 78 մարմին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն էլ հայտարարել է, որ «այս փուլում պատրաստ են ուկրաինական կողմին փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 2239 մարմին»։

Հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության էին եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին, զոհված զինվորների մարմինները՝ «6000-ը 6000-ի դիմաց» բանաձևով, ինչպես նաև 18-ից 25 տարեկան անձանց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment