Թրամփը կստանձնի՞ իսրայելա-իրանական պատերազմի պատասխանատվությունը





Չնայած Իրանի դեմ հարձակման քարոզչության շատ բարձր «նոտաներին»՝ իսրայելական մամուլն ստիպված է խոստովանել, որ երկրի ռազմաօդային ուժերից տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի շերտ առ շերտ հաղթահարի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների ինչպես բնական, այնպես էլ ռազմական պաշտպանվածությունը:

«Միայն այդ դեպքում է հնարավոր Իրանի միջուկային ծրագրին իրական վնաս հասցնել, ամերիկյան թափանցող ռումբերը, որ աշխարհում հազվագյուտներից մեկն են, կարող են էականորեն կրճատել ժամանակը և ավարտին հասցնել այդ խնդիրը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը «կանաչ լույս վառի» այդ նպատակի առջև»,- երկրի անվտանգության համակարգի պաշտոնյաներից մեկի տեսակետն է փոխանցել իսրայելական vesty.go.il կայքը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյաները, և նրանք, որ անվտանգության ոլորտում երկարամյա ծառայության փորձ ունեն, համոզված են, որ Իրանի միջուկային ծրագրի իրական ոչնչացումը պահանջում է բոլոր օբյեկտների, ամենից առաջ՝ Ֆարդոյի, խոցումը»: Ըստ աղբյուրների՝ դրան կարելի է հասնել հիմնականում ԱՄՆ-ի օգնությամբ, ամերիկյան B -2 և B-52 ծանր ռմբակոծիչների և հսկայական ռումբերի միջոցով, որ Իսրայելը չունի:

Եթե ԱՄՆ-ն «չհասցնի այդ եզրափակիչ հարվածը», ապա Իսրայելու հույս ունեն, որ սեփական «կոմբինացված հնարավորություններով կարող են տարիներով հետաձգել Իրանի միջուկային նախագիծը կամ պարտադրել, որ Թեհրանը համաձայնի Իսրայելի համար ավելի նպաստավոր համաձայնագրի»:

Փորձագիտա-վերլուծաբանական այս տեղեկատվությունը տարածվել է, երբ հայտնի է դարձել, որ Իրանը համաձայն է ստորագրել միջուկային զենքի տիրապետումը բացառող համաձայնագիր, բայց պայմանով, որ կպահպանվի խաղաղ նպատակով ուրանի հարստացման իր իրավունքը:

Իրանի արտգործնախարարի այդ հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի սպառնալիքին, որ Իրանի համար ավելի վատ կլինի, եթե խնդրի բանակցային կարգավորման հնարավորությունը բաց թողնվի: Ըստ էության՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն տեղեկատվական արտահոսքի միջոցով Միացյալ Նահանգներին հորդորել է «վերջին և ամենավճռական հարվածը հասցնել և Իրանին զրկել միջուկային նախագծից»: Թրամփը կստանձնի՞ իսրայելա-իրանական պատերազմի արդեն ֆորմալ պատասխանատվությունը, ամերիկյան ռմբակոծիչները կհարվածե՞ն Իրանի միջուկային օբյեկտներին:

Leave a Comment