Երեկ Ապարանում պտտահողմ է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի բնակիչները մեծ թվով վնասներ են կրել։ Տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, թե ինչպես է քամին ամեն ինչ տակնուվրա անում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ համայնքը բավականին մեծ վնասներ է կրել, հիմնական վնասները Ապարանում են եղել, բայց անմասն չեն մնացել գյուղերը, մասնավորապես՝ Լուսագյուղը, որտեղ վնասների թիվը նույնպես մեծ է։
«Երևի թե շատ քիչ տներ են, որ առանց վնասվելու են մնացել»,- նշեց Մովսիսյանը։ Այս ամենին զուգահեռ սյուներ են ընկել մեքենաների վրա, սակայն վնասված մեքենաների հստակ թիվ մարզպետը չկարողացավ նշել։
Նրա խոսքով՝ համայնքում ամբողջ գիշեր աշխատանքներ են տարվել, որոնք դեռ շարունակվում է։ Անդրադառնալով վնասի փոխհատուցման հարցին` Մովսիսյանն ասաց, որ դեռ քննարկում չի ունեցել Կառավարության հետ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն էլ նշեց, որ վնասների թվի մասին հստակ ոչինչ չկա. այս պահի դրությամբ գույքագրման աշխատանքները շարունակվում են։
«Փոխհատուցման մասին խոսելը վաղ է, դեռ պետք է վնասը չափը գույքագրվի, դրանք ներկայացվի համապետական հանձնաժողովի քննությանը, որից հետո արդեն կքննարկվեն փոխհատուցման հետ կապված հարցերը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկվա ուժեղ քամու հետևանքով Ապարանում վնասվել են դպրոցների տանիքներ, բանկի, համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի գրեթե բոլորի տանիքները։