Էրդողանը «կտապալի՞ Ալիևի քրդական իշխանությունը»





Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել»: Ինչպես փոխանցում է «Անադոլուն»՝ ներկա են գտնվել արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ֆիդանը և Գյուլերը, ինչպես նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը: Թուրքիան պաշտոնապես դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումները: Ուշագրավ է, որ Իրանին սատարել և ռազմական աջակցություն հայտնելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև Պակիստանը:

Նույն օրն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահների հետ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը չի կարող օգտագործվել Իրանի դեմ: Ըստ տեղեկությունների, թուրքական հեռուստաընկերություններից մեկն Ադրբեջանը ներկայացրել է Իսրայելին աջակցող երկրների շարքում:

Այս ֆոնին Turkiye gazetesi-ն քննարկման է դրել Իսրայելի կողմից Իրանի «թուրքական շրջանների» ռմբակոծությունների քաղաքական նշանակության հարցը: «Հարավային Ադրբեջանի դիմադրության ազգային խորհրդի» փորձագետ Ջավադին ուշադրություն է սեւեռել Ուրմիայի շրջանում Իսրայելի կողմից իրականացվող ռմբակոծությունների վրա: Նրա գնահատմամբ՝ Սև Ծով- Միջերկրական գծով Թուրքիան «շրջափակելու համար Ուրմիան վերջին կետն է»: Ջավադին համոզված է, որ Իրանի թյուրքախոս շրջաններում Իսրայելի «ամեն մի ռումբ դաշտային քարտեզ է գծում այն իրավիճակի համար, երբ կրոնապետությունը կփլուզվի»:

Փորձագետը հատուկ ընդգծում է, որ Իրանի քրդական կազմակերպությունները «չեն ընդունել զենքը վայր դնելու և Թուրքիայի դեմ պատերազմը դադարեցնելու մասին PKK-ի առաջնորդ Օջալանի կոչը»: Ջավադին համոզված է, որ ներկայումս Իսրայելը «նրանց համար հիսուն կիլոմետրով առաջանցման ճանապարհ է հարթում՝ ինչպես Սիրիայում պաշտպանում է քրդական զինված ուժերին»:

Թուրքիայի նախագահի հրավիրած խորհրդակցությանն այս խնդիրը քննարկվե՞լ է: Կարելի է զգուշավոր ենթադրություն անել, որ՝ այո: Այլապես իշխանամերձ լրատվամիջոցը չէր ձևակերպի այնպես, որ Իսրայելի նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի Իրանի փլուզման դեպքում «թուրքական շրջանները» հայտնվեն քրդական վերահսկողության տակ:

Այս առումով արժե հիշեցնել, որ տևական ժամանակ Բաքուն դիմադրել է PKK-ն որպես ահաբեկչական կառույց ճանաչելու Անկարայի պահանջին: Ալիևները ծագումով քուրդ են: Հեյդար Ալիևը դեպի Ադրբեջանում բարձրագույն իշխանություն ճանապարհն սկսել է Նախիջևանից, որտեղ էթնիկ քրդերի ազդեցությունը մեծ էր: Ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նա Բաքու է տեղափոխել և բարձր պաշտոնների նշանակել ծագումով քուրդ մի քանի նախիջևանցիների:

Վերջին տարիներին Իլհամ Ալիևը նրանցից ոմանց պաշտոնազրկել է, ոմանց՝ ուղարկել պատվավոր թոշակի, բայց, ինչպես ադրբեջանցի վտարանդի փորձագետներն են պնդում՝ «քրդական կլանի պարագլուխ Էյուբովը, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է մնալ Ալիևի անձնական անվտանգության ծառայության պետը»:

Ադրբեջանը վերջին շրջանում ակնհայտորեն նվազեցրել է «միասնական Ադրբեջանի» պետական քարոզչությունը: Դա, իհարկե, հիմնականում կապված է Իրանի հետ հարաբերությունների «վերբեռնման» քաղաքականությամբ, բայց, երևում է, անձամբ Ալիևի համար իրանական Ատրպատականի հետ «վերամիավորումը» խնդրահարույց է. նա ոչ մի երաշխիք չունի, որ այդ դեպքում կհաջողվի ապահովել դինաստիական իշխանության ծրագիրը:

Այդ հարցում, կարծես, Էրդողանը նրա դաշնակիցը չէ: Բայց Թուրքիայի նախագահը կգնա՞ Ալիևի «քրդական իշխանությունը» փոխելու քայլի: Իսկ առհասարակ Իրանի «թուրքական շրջանների» խնդրի շուրջ Թուրքիայի սևեռվածությունը կարող է մարտահրավեր լինել նաև Հայաստանի համար: Մերձավոր Արևելքում «անկախ Քրդստան» հիմնելու ցանկացած փորձի հանդեպ Թուրքիան չափազանց զգայուն է:

Leave a Comment