
Իսրայելին աջակցող կամ Իրանի վրա նրա հարձակումն արդարացնող երկրներն այս հանցագործության մեղսակից են համարվում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Վերջին չորս օրերի ընթացքում Իսրայելը հարձակվել է խաղաղ բնակավայրերի վրա և փորձել թիրախավորել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները։ Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային նորմերի և կանոնների լիակատար խախտում է»,- հավելել է նա։
Բաղային միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար։ Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին՝ Բաղային նշել է. «Նման պայմաններում բանակցությունների մասին խոսելը բացարձակապես անիմաստ է։ ԱՄՆ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել և դատապարտել այս ագրեսիան։ Եթե ՄԱԿ-ի կանոնադրությունը պարտադիր է բոլոր երկրների համար, ապա ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները, պետք է դիրքորոշում արտահայտեն այս ագրեսիայի վերաբերյալ և դատապարտեն այն»,- ասել է Բաղային։