Թեհրանը հաստատում է՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավարը, նրա տեղակալն ու ևս մեկ գեներալ

Քաղաքականություն

16.06.2025 | 09:58

Իսրայելի կողմից կիրակի իրականացված հարվածի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Քազեմին ու ևս երկու սպա։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով  ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

«Հետախուզության երեք գեներալներ՝ Մոհամմադ Քազեմին, Հասան Մոհաքեքը և Մոհսեն Բաղերին, նահատակվել են»,- նշում է լրատվամիջոցը, փոխանցում է France 24-ը։

Իրանական Tasnim գործակալությունը նույնպես հաստատել է նրանց մահը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ղեկավար գեներալ Մոհամմադ Քազեմին, ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավարի տեղակալ գեներալ Հասան Մոհաքեքը և գեներալ Մոհսեն Բաղերին նահատակվել են այսօր Թեհրանի վրա իրականացված սիոնիստական ​​ագրեսիայի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ին հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալը։

Ավելի վաղ էլ Iran International-ը հաղորդել էր Թեհրանում գտնվող ԻՀՊԿ հետախուզության շենքին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հասցված հարվածի մասին: Լրատվամիջոցի տվյալներով՝ գեներալ Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալը հայտնաբերվել են փլատակների տակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment