Նրանք, ում հետ ես բանակցում էի, մահացել են ու գրիպից կամ COVID-ից չէ․ Թրամփը՝ իրանցի պաշտոնյաների մահվան մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Իսրայելի վերջին ավիահարվածներից հետո իրանցի պաշտոնյաների մահվան առիթով։ Foxnews-ի փոխանցմամբ, այս մասին է իր տեսանյութում պատմում CNN-ի լրագրող Դանա Բաշը։

Նշվում է, որ Բաշը ուրբաթ օրը խոսել է Թրամփի հետ  ու հարցրել  պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսրայելի հարվածների վերաբերյալ նախնական հայտարարության մասին, ուր հստակորեն չէր ասվում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։

«Մենք, իհարկե, աջակցում ենք Իսրայելին, և աջակցել ենք նրան այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի աջակցել, – ասել է Թրամփը։ -Դա շատ հաջողված հարձակում էր։ Իրանը պետք է լսեր ինձ։ Գիտե՞ք,  ես նրանց 60-օրյա նախազգուշացում տվեցի։ Եվ այսօր 61-րդ օրն է»։

Ապա Թրամփը հավելել է, թե՝ «Նրանք հիմա պետք է գան բանակցությունների սեղանի շուրջ՝ համաձայնության գալու համար, քանի դեռ ուշ չէ։ Նրանց համար կարող է շատ ուշ լինել։ Գիտեք, այն մարդիկ, որոնց հետ ես գործ ունեի (բանակցում էի-խմբ), մահացել են»։

«Դա երեկվա հարձակման հետևանքն է՞», – հարցրել է լրագրող Բաշը։

«Այո։ Նրանք գրիպից չեն մահացել։ Նրանք COVID-ից չեն մահացել», – պատասխանել է ԱՄՆ նախագահը ու լրագրողի ներկայացմամբ՝ «բավականին հեգնականորեն» է ասել։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարձակվել է Իրանի վրա։ Հարվածների ժամանակ նահատակվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։ Մահացել է Իրանի 78 քաղաքացի, վիրավորվել 320-ը։

Իրանն ի պատասխան հրթիռային երեք հարձակում է գործել Իսրայելի վրա։ Իսրայելը հայտնել է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորների մասին, ինչպես նաև Թել Ավիվում ու Ռամաթ Գանում ավերածությունների ու շինությունների փլուզումների մասին։ Նշվում է, որ փլատակների տակ մարդիկ կան։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment