Իսրայելն Իրանում «իշխանափոխությո՞ւն է կատարում»





Իրանի վերջին միապետի որդին՝ Ռեզա Փեհլևին, սոցիալական X հարթակում հետևյալ գրառումն է արել. «Հակաիրանական իսլամական հանրապետության տգետ առաջնորդ Ալի Խամենեին մեր երկիրը կրկին ներքաշել է պատերազմի մեջ, որ Իրանի և իրանական ժողովրդի պատերազմը չէ: Դիմում եմ բանակին, անվտանգության ծառայություններին, իրավապահ ուժերին, պարզ է, որ այդ ռեժիմը և նրա կոռումպացված, ոչ կոմպետենտ ղեկավարությունը չեն գնահատում ոչ ձեր կյանքը, ոչ մեր Իրանը: Հեռացեք նրանցից և միացեք ժողովրդին: Լուծումն իսլամական հանրապետության տապալումն է՝ փողոցային բողոքների և համընդհանուր գործադուլի միջոցով»:

CNN-ի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ համարում են, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակման նպատակներից մեկն էլ իշխանափոխությունն է: Հեռուստաընկերության աղբյուրներն ասել են, որ այդ գնահատականն առայժմ հետախուզության տվյալներով հաստատված չեն, բայց միաժական կարծիք են հայտնել, որ բանակի և ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականների թիրախային սպանությունները թույլ են տալիս ենթադրել, որ Իսրայելը կրոնապետության առաջնորդին զրկում է ուժային հենարաններից:

Իրանի վերջին միապետի որդին ի՞նչ ազդեցություն ունի Թեհրանում, պարզ չէ, բայց նրա կոչը վկայում է, որ Իսրայելի հարձակումները կարող են տևական լինել և հանրային բողոքի առիթ տալ:

Այս առթիվ բավական ուշագրավ տեսակետ է հայտնել Բաքվի «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն, որ Ադրբեջանում և արտերկրում ունի Ալիևի իշխանության հետ լիովին աֆիլացված քաղաքագետի համարում: Նա կարծում է, որ եթե Իրանի դեմ հարձակումները շարունակվեն և իսրայելական հարվածների աշխարհագրությունն ընդլայնվի, ապա պաշտոնական Բաքուն ստիպված կլինի արձագանքել Իրանում ապրող հայրենակիցների խնդիրներին:

Քաղաքագետը չի բացառում, որ Իրանի թուրքախոս բնակչությունը հարկադրված լինի ապաստան խնդրել Ադրբեջանում, բայց ավելի հավանական է տեսնում «ադրբեջանական ինքնության բացահայտումը»: Ըստ Շահինօղլուի, Իսրայելի հաշվարկը նաև այն է, որ Իրանը «բազմաէթնիկ երկիր է»:

Ադրբեջանցի քաղաքագետը, իհարկե, շրջանցում է հիմնական հարցը՝ նման իրավիճակ ստեղծվելու դեպքում ո՞րը կլինի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: Նա ասում է, որ Ադրբեջանը ռազմավարական հարաբերություններ ունի թե Իսրայելի, թե Իրանի հետ և պետք է «մինչև վերջ պահպանի հավասարակշռությունը»:

Բայց եթե Իրանը «ներսից պայթեցնելու» իսրայելական ծրագիր կա, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը բաց տեքստով ասել է, որ «պատմական պահը բաց թողնել չի կարելի է, պետք է ջախջախել օձի գլուխը»՝ նկատի ունենալով կրոնապետության առաջնորդներին,- ապա Ադրբեջանին հազիվ թե հաջողվի հեշտությամբ հրաժարվել դերակատարությունից:

Քաղաքագետ Շահինօղլուի դիտարկումներից կարելի է ենթադրել, որ Ալիևի համար Իրանում «ադրբեջանական ինքնության բացահայտումը» գոնե այս փուլում այնքան էլ ցանկալի չէ: Ֆորս-մաժորի դեպքում Ադրբեջանում կարող են ներքին հուզումներ սկսվել, ինչը կվտանգի նրա իշխանությունը:

Անշուշտ, քաղաքագիտական այս դիտարկումների վստահելիությունը չափազանց նվազ է: Անկախությունից ի վեր Բաքվում «Ադրբեջանի միասնականությունը վերականգնելու» քարոզչությունը մշտապես ակտուալ է եղել: Շահինօղլուն նաև զգուշացնում է, որ Իրանը «հարևան երկրներին կարող է ճանաչել Իսրայելի գործակալ»: Ալիևը նման մտավախություններ ունի՞:

Leave a Comment