Հայաստանի փողերի դեմ պայքարի ընդհանուր համակարգն այս պահին գնահատման փուլում է, եւ մենք կատարել ենք օրենսդրական դաշտի ամբողջական վերլուծություն՝ հասկանալու համար, թե լավագույն օրենսդրական ստանդարտներից ինչ շեղումներ կան: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:
Զեկուցողը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի այցը Հայաստան նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին: Կատարված վերլուծության արդյունքում ի հայտ են եկել տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնց լուծման նպատակով էլ Կառավարությունը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հստակեցվում են հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանն առնչվող գործընթացները, հաճախորդի ինքնության հետաձգված ստուգում իրականացնելու հիմքը եւ կարգը, ինչպես նաեւ ընդլայնվել են գործարքի կամ գործարքի հարաբերության մերժման հիմքերը: Նշվել է, որ փոփոխությունները վերաբերում են ԿԲ-ի եւ այլ իրավասու մարմինների համագործակցության կարգավորմանը, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց պարտականությունների փոփոխմանը, ոչ ֆինանսական հաստատություններին առնչվող կարգավորումներին:
Արմեն Նուրբեկյանն ընդգծել է, որ ընդլայնվել է օրենքով նախատեսված որոշ մեխանիզմների կարգավորման առարկան: Մասնավորապես, ռիսկերի գնահատման արդյունքները եւ ներքին իրավական ակտերի մշակմանն առնչվող կարգավորումները կծառայեն ոչ միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, այլ նաեւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի նպատակին:
Ներդրվել են պարտականություններ օտարերկրյա տրաստերի եւ համանման իրավաբանական կազմավորման կառավարիչների համար, հստակեցվել է «տրաստ» հասկացությունը, ամրագրվել են ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցման դեպքերը: Նախատեսվել են նաեւ ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների եւ նրանց փոխկապակցված անձանց անաղարտության պահանջներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին եւ առաջարկել դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում: