Իշխանությունները ծրագրել են շրջապատել կաթողիկոսարանը վեհափառին հեռացնելու համար, ապա մտափոխվել․ ԶԼՄ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու շուրջ քննարկումներից մեկը ՔՊ-ում վերաբերել է կաթողիկոսարանը շրջապատելուն, գրել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը հրաժարվի այդ մտքից, քանի որ հասկացել է՝ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամ կգերազանցեն արշավողներին։

Լրատվականը պարզաբանել է, որ որոշ հարցումներից հետո է որոշվել համակարգող խումբ ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։

Իշխանությունը հույս ունի հանրության տրամադրությունները փոխել «ստատուային պատերազմով», հասնել կաթողիկոսին «մերժելուն», որպեզսի նրա նյարդերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրինակով տեղի տան և հեռանա։

Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։

Leave a Comment