Դիտում ՝ 23 561
Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Ճամբարակից հունիսի 11-ին Երևանի բուժկենտրոն տեղափոխված երեք տուժածներից մեկի՝ 69 ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Հունիսի 12-ին նա մահացել է: Մյուս երկու տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Ճամբարակում հոսպիտալացված յոթ տուժածներից երեքը առավոտյան դուրս է գրվել, իսկ չորսի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նրանք կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, կստանան համապատասխան բուժօգնություն և առաջիկայում դուրս կգրվեն»,- ասաց Ծատրյանը:
Այսպիսով, Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի:
Առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Կատարվածի հետևանքով կա 5 զոհ:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։
Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971թ. ծնված Արթուր Սարգսյանը: