Ռուսաստանը և Ուկրաինան զինվորների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանը Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շրջանակներում Ուկրաինային է հանձնել այդ երկրի զինված ուժերի 1212 զինվորի մարմին և ստացել իր զինվորականների 27 մարմին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Սկսվել է զոհված զինվորների մարմինների հանձնումը «Ստամբուլի պայմանավորվածություններին» համապատասխան», – գրել է նա իր Telegram ալիքում։

«Աշխատանքը կշարունակվի այս բոլոր օրերին։ Վաղը նաև կսկսենք առաջնագծում ծանր վիրավորված գերիների շտապ «սանիտարական փոխանակումները»», – նշել է Մեդինսկին։

Ռազմագերիների փոխանակման շուրջ ռուս-ուկրաինական պայմանավորվածությունները ձեռք են բերվել հունիսի 2-ին Ստամբուլում։ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը ենթակա էր գերիների երկու կատեգորիա՝ վիրավորներ և ծանր հիվանդներ, ինչպես նաև 25-ից ցածր տարիքի անձինք։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնամուխ լինել մասշտաբային հումանիտար գործողության՝ ուկրաինացի զինծառայողների ավելի քան վեց հազար մարմինների հայրենադարձման համար։ Հունիսի 7-ին Ռուսաստանի զինվորականները հայտարարել են, որ փոխանակման վայր են տեղափոխվել 1212 ուկրաինացի զինծառայողների մարմիններ։ 

Հունիսի 9-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ փոխանակման շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուսաստանցի զինծառայողների առաջին խումբը, և փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի նույն թվով ռազմագերի։ Հունիսի 10-ին Ուկրաինան և ՌԴ-ն փոխանակել են ռազմագերիների երկրորդ խումբը։

Leave a Comment