11 հունիսի 2025 – 15:54 AMT
PanARMENIAN.Net – Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահին 3 է։ Այդ մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Փրկարարները դեռ աշխատում են, այս պահին զոհերը երեքն են»,- նշել է նա։
Գեղարքունիքի փոխմարզպետ Ջանիկ Բազեյանն էլ լրագրողներին հետ զրույցում հայտարարել է, որ փրկարարները ևս 2 քաղաքացու են որոնում։
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք»:
Նախաքննական փուլում կատարվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։ Պայթյունից պատճառված վնասի հետևանքով մահացել են 3 քաղաքացի, իսկ 7 չափահաս և 4 անչափահաս վիրավորներ տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Քննության շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, այդ թվում՝ դիակաբժշկական փորձաքննություններ։
Փրկարարական ծառայության մասնագետներն ու դեպքը քննող քննչական խմբի քննիչները շարունակում են որոնողափրկարարական գործողությունները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի ունեցած պայթյունը եղել է գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մասնակի վնասվել են հարևան մուտքի բնակարանները։