Առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում

Օրենքի նախագիծը հիմնականում վերաբերում է հսկիչ նշանների համակարգի կամ նույնականացման միջոցներով հետագծելիության համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը. այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ քննարկմանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների առաջին խումբ վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների (QR կոդեր) համակարգում հետագծելիությունն ապահովվում է շղթայի սկզբում՝ արտադրողի եւ ներմուծողի մոտ եւ վերջում՝ ՀԴՄ-ով վաճառքի ժամանակ: Բայց կան դեպքեր, երբ դրանք չեն ֆիքսվում. ոչ միշտ է վաճառքն իրականացվում ամբողջական ապրանքներով, այլ կատարվում է մաս-մաս: Օրինակ՝ հանրային սննդի օբյեկտներում կամ հյուրանոցներում մատուցվող ծառայությունների դեպքերում: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է օրենքում սահմանել լիազորող նորմ՝ ըստ որի, Կառավարությունը կսահմանի այն դեպքերը եւ կարգը, երբ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Երկրորդ խումբ փոփոխություններն առնչվում են տուգանքների կիրառմանը: Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ ներկայում հարկային մարմնին տեղեկատվություն չփոխանցելը հավասարեցված է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտմանը, որի համար տուգանք է սահմանված:

Զեկուցողը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել տուգանքների նոր սանդղակ: Այսպիսով, նախատեսվում է յուրաքանչյուր նույնականացման միջոցը շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատերին տուգանել 30 հազար դրամի չափով: Այս մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը: Նույն խախտումը հաջորդող մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով. սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը: Իսկ նույն ժամանակաշրջանում խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Այս դեպքում սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:

Ներկայացված փոփոխություններից մեկով էլ առաջարկվում է կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծին եւ առաջարկել այն խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 24-ժամյա ռեժիմով:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Leave a Comment