Գրիգորյանի գրասենյակ. Սահմանազատման հարցերը քննարկվում են բացառապես պետհանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում

Գրիգորյանի գրասենյակ. Սահմանազատման հարցերը քննարկվում են բացառապես պետհանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում

11 հունիսի 2025 – 11:39 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը արձագանքել է ԶԼՄ-ներից մեկում հրապարակված սահմանազատման վերաբերյալ նյութին՝ այն անվանելով «ամբողջապես սուտ»։

Նշվում է, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակում

«Hraparak կայքում հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։

Leave a Comment