Գյումրու Մտորումների թատրոնը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Մայլից մայլա» ներկայացմամբ

Գյումրու Մտորումների թատրոնը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունիսի 13-ին հանդես կգա «Մայլից մայլա» ներկայացմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը ստեղծված է ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի համանուն գրքի հիման վրա։ Վերցված են 5 պատումներ 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով Լենինականի ու Գյումրու ուրախ-տխուր էջերն են ներկայացվում։ Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձինք մեկտեղվելով, մի մայլից (թաղամաս) մյուսն անցնելով՝ վեր են բարձրացնում Գյումրի անունը և այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին։

Ներկայացումը բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, դերերում են Սամվել Առաքելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վարագ Գևորգյանը, Հովհաննես Սարգսյանը, Դավիթ Մարդոյանը։ 

Ըստ սցենարի՝ տաղավարում հավաքվում են բակի բնակիչներ՝ մեծեր եւ երիտասարդներ, հիշում են լենինականցի և գյումրեցի անձանց, որոնց մեջ ամփոփված է եղել Գյումրի-Լենինականը՝ իր բոլոր ավանդույթներով։ Մայլից մայլա անցնելով, պատմում են նաև հարսանեկան ավանդույթների, գյումրեցու նիստուկացի մասին։ Հիշվում են Ղասաբ Գագոն, Մրոտ Սուրիկը, Չոլախ Վարոսը։ Հնչում են մոռացված երգեր, հատկապես, շերամական մեղեդիներ։

Leave a Comment