Արմինֆո. “Իզմիրլյան” բժշկական կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի “Հայաստան” խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Այդ մասին հաղորդել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը,որը պսակվեց հաջողությամբ։ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ Բացառիկ ՄԱՐԴ, շատերի կյանքը փրկած հրաշագործ Չարչյանը չի ազատազրկվի։ Պրոֆեսոր ինձ համար մեծագույն պատիվ էր անցնել Ձեր հետ այս դժվար ճանապարհը։ Տերը օգնական», – գրել է փաստաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել ընտրողներին կաշառելու և “Իզմիրլյան” բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել հարկադրելու համար: Գրավի դիմաց ազատ արձակվելուց մեկ ամիս անց նա երկրորդ անգամ կալանավորվել էր, որից հետո 2021 թվականի դեկտեմբերին ստորագրությամբ ազատ էր արձակվել։ 2024 թվականի աշնանը Չարչյանը հրաժարվել էր մանդատից և կրկին գլխավորել բժշկական կենտրոնը։