
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ըստ էության սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում: Այլ կերպ ասած, խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նախաձեռնում է նոր հեղափոխություն, խորհրդարանի ընտրությունը վերածում է հեղափոխության: Փաշինյանը պատկերացնում է, որ ընտրության գործընթացում հաղթելն իր համար շատ բարդ է և շանսը հեղափոխությունն է, հեղափոխական գործընթացը:
Բնականաբար, չի կարող լինել քաղաքական հեղափոխություն, քանի որ նա արդեն ունի պետական կարգավիճակ՝ ընդդիմադիր չէ, որ «մերժի Սերժին»:
Մնում է հոգևոր իշխանությունը՝ հեղափոխություն հոգևոր իշխանության դեմ՝ «մերժիր Գարեգինին»:
Փաշինյանը քայլ առ քայլ կառուցում է այդ հեղափոխությունը, հռչակում «Վեհարանն ազատելու» նպատակը և հավաքում «համակարգող խորհուրդ»: Լուծվելիք խնդիրներն անշուշտ բազմաշերտ են, սակայն հավաքական իմաստով խնդիրը հենց ընտրական գործընթացը «հեղափոխական գործընթացի» վերածելն է:
Սա տարբեր բան է, քան պարզապես «նախկինների ռեւանշ» կամ «գուբերնիա» թույլ չտալը: Դա հեղափոխություն չէ: Նիկոլ Փաշինյանը Երևանի և Գյումրու ընտրություններով «ստուգել» է այդ «հենման կետերի» կենսունակությունն ու գնահատել, որ ընտրական պրոցեսում հաջողության համար դրանք այլևս բավարար չեն, կենսունակ չեն, պետք է «հեղափոխական» տրամաբանություն:
Եվ նա ըստ էության սկսել է ընտրական պրոցեսը «հեղափոխականի» վերածելը, այդտեղ փնտրելով իր շանսը»: