Որպեսզի Դոնբասը չկրկնի Ղարաբաղի ճակատագիրը, ՌԴ-ն առաջարկում է լիարժեք խաղաղություն կնքել․ Մեդինսկի

Որպեսզի Դոնբասը չկրկնի Ղարաբաղի ճակատագիրը, Ռուսաստանն առաջարկում է կանգ առնել, լիարժեք խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները։ Այս մասին RT-ում ամերիկացի լրագրող Ռիկ Սանչեսի շոուի եթերում ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Կիևի հետ ուղիղ բանակցություններում։

«Եթե կանգնեցնենք հակամարտությունն առաջնագծի երկայնքով և չպայմանավորվենք իրական խաղաղություն կնքել, պարզապես կնքենք ինչ-որ զինադադար (գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև նման վիճելի տարածաշրջան կար, Ղարաբաղը), ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան դաշնակիցների հետ կանդամակցի ՆԱՏՕ-ին, կփորձի հետ գրավել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք կանգ առնել, լիարժեք խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները», — ասել է նա։

Սակայն Մեդինսկու մեկնաբանությունը դուր չի եկել պաշտոնական Բաքվին, և Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը չի ուշացել։ Երկրի գերատեսչության հայտարարությունից հետևում է, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի կամակատարը և իրականում Ուկրաինայի դաշնակիցը սահմանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականի լիազորությունները:

«Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ իր լիազորությունների շրջանակից դուրս հարցերի վերաբերյալ նման սխալ հայտարարություններով միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Leave a Comment