Մարալիկի կենտրոնական հրապարակում հունիսի 9-ին նշվել է Անի խոշորացված համայնքի օրը։ Արդեն ավանդական դարձած այս միջոցառմանը մասնակցել են համայնքի բոլոր բնակավայրերը՝ առանձին տաղավարներով ներկայացնելով յուրաքանչյուր գյուղին բնորոշ ուտեստներն ու մշակույթը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անի խոշորացված համայնքի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին՝ ընդգծելով, որ նախորդ տարի համայնքն ունեցել է զգալի ձեռքբերումներ։

«Կառավարությունը կարևորում է տարածքների համաչափ զարգացումը և անում է հնարավորը, որպեսզի մեր համայնքները հզորանան ու զարգանան։ Կարող ենք փաստել, որ նախորդ տարին Անի համայնքի համար աչքի է ընկել ձեռքբերումներով, քանի որ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել։ 2024 թվականին իրականացվել է երեք սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 232 մլն 907 հազար դրամ բյուջեով, որից ՀՀ կառավարության մասնակցությունը կազմել է 68 տոկոս։ Այս տարի ևս համայնքի հիմնախնդիրները կմնան կառավարության ուշադրության կենտրոնում։ Անի խոշորացված համայնքում հաստատվել է երկու սուբվենցիոն ծրագիր՝ ութ ենթածրագրով՝ ընդհանուր 1 մլրդ 491 մլն դրամ արժողությամբ։ Շիրակավան և Ջրափի բնակավայրերում ներկայում ընթանում են կրթահամալիրների կառուցման աշխատանքներ՝ շուրջ 4 մլրդ դրամի շրջանակում։ Ապագայում շարունակվելու են նաև կառուցապատման և վերանորոգման աշխատանքները, և ավարտին կհասցվեն մի շարք անավարտ ծրագրեր»,-նշել է մարզպետը։
Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն անդրդարձել է համայնքի պատմությանն ու անցյալին՝ նշելով, որ համայնքը՝ հին ավանդույթներով ու պատմական անցյալով, եղել է հայրենասիրության, ստեղծագործ աշխատանքի և համախմբվածության օրինակ։ «Այս օրը ոչ միայն տոն է, այլև հպարտանալու ու արժևորելու առիթ՝ մեր արմատների, հողին տված մեր սիրո ու նվիրումի համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են բերել համայնքի կայացման ու զարգացման գործում։ Միասին մեզ սպասվում են նոր մարտահրավերներ ու հաջողություններ»,-նշել է Անի համայնքի ղեկավարը։

Տոնական միջոցառման շրջանակում կազմակերպվել է համերգային ծրագիր՝ սիրված ու ճանաչված երգիչների, ինչպես նաև Մարալիկի արվեստի և երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։ Որոշ կատարումներով հանդես է եկել նաև «Ռելաքս փրոջեքթ» խումբը։

Տոնական օրն ամփոփվել է շքեղ և աննախադեպ հրավառությամբ։