Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որով նա Ուկրաինայի օկուպացված տարածքները համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ։
«Մեդինսկու հայտարարությունը, որտեղ Ղարաբաղի շրջանը ներկայացվում է որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է առաջացնում։ Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահի օգնականը, միաժամանակ՝ Ռուսաստանի պատմական կրթության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը, չի գիտակցում, որ Ղարաբաղը երբեք չի եղել վիճելի տարածք։ Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը պատմականորեն հանդիսանում է ադրբեջանական հող։ Ռուսաստանը ևս ճանաչել և ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք», – նշել է Հաջիզադեն։
Նա նաև խորհուրդ է տվել Մեդինսկուն ձեռնպահ մնալ նման հայտարարություններից․
«Խորհուրդ ենք տալիս Մեդինսկուն ձեռնպահ մնալ նման սխալ հայտարարություններից՝ թեմաներով, որոնք դուրս են նրա մասնագիտական իրավասությունից, որպեսզի չվնասվեն միջպետական հարաբերությունները»։
