Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հարձակում է գործել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Հունիսի 9-ին ՀՀ վարչապետը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի:
«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ», – գրել է Փաշինյանը:
Նշենք, որ արդեն մի քանի օր շարունակ Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս Հայասստանյայց Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ հարձակումներով: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հերթական անգամ հայտարարել է. “Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։
Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին”։
Մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիները “չուլանացված են”։ Հաջորդ օրը նա սուր գրառում էր կատարել սոցիալական ցանցերում, որտեղ կոպիտ բառապաշար է օգտագործել Հայասստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին: Վարչապետը պահանջել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով հանդես էր եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել է փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: