Ուկրաինական կողմը Չուվաշիայում գրոհել է ՌԴ բանակի համար ԱԹՍ-ի բաղադրիչներ արտադրող ձեռնարկությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Չուվաշիայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտարարել է «ВНИИР»  ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքերի հարվածի մասին։ Նշվում է, որ ձեռնարկությունը դադարեցրել է  գործունեությունը: Ենթադրաբար, այն ռուսական բանակի համար արտադրում է «Կոմետա» ընդունիչներ, գրում է Current time-ը։

«Երկու անօդաչու թռչող սարք է ընկել «ВНИИР»-ի տարածքում, այդ պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Եվս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Չեբոկսարի և Կրասնոարմեյսկի քաղաքային շրջանների դաշտերում, մարդկանց համար սպառնալիք չկա»,- նշել Նիկոլաևը։

Նրա տվյալներով՝ տուժածներ չկան։

«ВНИИР» ԲԲԸ-ն գտնվում է Չավուշիայի մայրաքաղաք Չեբոկսարում։ Այն արտադրում է պաշտպանության համակարգեր և ավտոմատ կառավարման համակարգեր ենթակայանների, ցածր, միջին և բարձր լարման էլեկտրական սարքավորումների համար: Astra տելեգրամ ալիքի տվյալներով՝  ձեռնարկությունը ռուսական բանակի համար արտադրում է «Կոմետա» ընդունիչներ, որոնք պաշտպանում են ռուսական անօդաչու թռչող սարքերն ուկրաինական ռադիոէլեկտրոնային  պայքարի համակարգերից։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերում խոցել են 49 անօդաչու թռչող սարք։ Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը որսացել  են Կուրսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում՝ 13-ական։ Վորոնեժի և Օրյոլի մարզերում ոչնչացվել է 9 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի և Չուվաշիայի մարզերում՝ 2-ական։ Եվս մեկը խփվել է Բելգորոդի մարզում։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով Ռուսաստանի չորս քաղաքների օդանավակայանները մի քանի ժամով սահմանափակել են աշխատանքը։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հաստատել է Չեբոկսարում ձեռնարկությանը հասցված հարվածը։

«Սա ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտ է, նավիգացիոն սարքավորումներ արտադրող։ Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն, որն ապահովում է «Կոմետա» ընդունիչների արտադրությունը, որոնք օգտագործվում են, մասնավորապես, «Շահեդ» տիպի հարվածային  անօդաչու թռչող սարքերում, կառավարվող ավիառումբերի միասնական պլանավորման և ուղղման մոդուլներում»,- ասվում է ուկրաինական զինվորականների հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ հարվածը հանգեցրել է լայնածավալ հրդեհի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment