ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում խոսել Էլոն Մասկի հետ առաջիկա օրերին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ առաջնորդը չի խոսել Մասկի հետ՝ հրապարակավ քննադատությունից հետո։
«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նախագահը որևէ մտադրություն ունի դա անելու», – ասել է Լիվիթը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը պլանավորում է խոսել Մասկի հետ առաջիկա շաբաթվա ընթացքում։
Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։
Երկու միլիարդատերերի միմյանց հանդեպ հրապարակային մեղադրանքներն սկսվել են, երբ Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում:
