Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ – Armenia Today

Երևանում հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Symphony of Jazz համերգը, տեղեկացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ծրագրի առաջին բաժնում հանդես կգա Գարի Քյոսայանը (դաշնամուր), իսկ երկրորդ բաժնում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000-ից 15 000 դրամ։

Քյոսայանը ջազ երաժիշտ է, կոմպոզիտոր, դաշնակահար։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Նա ջազի առաջին կատարողներից է Հայաստանում։ Ջազում իր կարիերան սկսել է 1973 թվականին՝ ստեղծելով առաջին ջազային տրիոն Հայաստանում։ 1988 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1990-ին հիմնադրել «Գարի Քյոսայան ջազ-կվարտետ» համույթը։

Նա գրել է մի քանի ստեղծագործություններ, արել է գործիքավորումներ, ձայնագրել ալբոմներ և մասնակցել բազմաթիվ համերգների։ Նրա առաջին ալբոմը՝ «For You»-ն, թողարկվել է ԱՄՆ-ում և արժանացել «Լավագույն ջազ ալբոմ» և «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակներին։

2000 թվականին Քյոսայանը երաժշտություն է գրել Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի համար։ 2003 թվականին վերադարձել է Երևան։ 2010 թվականին գրել է երաժշտություն Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռա 40 օրերը» թատերական ներկայացման համար։

Leave a Comment