Արմինֆո. Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը: Այդ մասին սոցցանցում հաղորդել էԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը: Ներկայումս կայանման համար գումարի գանձումն իրականացվում է օրենքի խախտմամբ, պնդում են իրավագետները։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. 265-Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. դրույքաչափերը։
«Այլ կերպ ասած` Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Շնորհավորում եմ վեր ընշված ավտոկայանատեղերից օգտվող բոլոր վարորդներին։
Ինչ պետք է անել այսօրվանից. Քանի որ 2025թ. ֊ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան»,- գրել է ավագանու անդամը։
Իրավաբան Վահե գրիգորյանն, իր հերթին, հաղորդել է, որ «կարմիր գծերի» թանկացումներն անվավեր ճանաչելու մասին դատական ակտերը պարտադիր են հրապարակման պահից, իսկ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցրել է այն (թանկացումը) անվավեր ճանաչելու մասին Վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից։
«Պարզ ասած՝ այժմ բոլոր այն վայրերում, ուր կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիներ են, կայանումն անվճար պիտի լինի օրենքի ուժով:
Այսպես` Իմ և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման (Andranik Tevanyan) համագործակցության արդյունքում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության (Samvel Hakobyan) կողմից Վարչական դատարանում վիճարկվում էր կարմիր գծերի թանկացումը թե´ 2024թ, թե´ 2025թ-ի համար:
2024թվականի համար Երևանի ավագանու կողմից սահմանված «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները անվավեր են ճանաչվել 19-12-2024թ, գործ՝ ՎԴ/1822/05/24։
2025թվականի համար Երևանի ավագանու կողմից սահմանված «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները անվավեր են ճանաչվել 23-05-2025, գործ՝ ՎԴ/0796/05/25։
Վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։»։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի։»։
Վկայակոչված հոդվածի 6-րդ մասը վերաբերելի չէ սույն գործին և ըստ էության չէր փոխի փաստը:
Հաշվի առնելով, որ թե՛ 2024թ, թե՛ 2025թվականների համար սահմանված կարմիր գծերի թանկացումն անվավեր է ճանաչվել և ըստ գործող օրենսդրության դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար, իսկ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցրել է այն (թանկացումը) անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից, ուղղակիորեն ստացվում է, որ այժմ բոլոր այն վայրերում, ուր կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիներ են, կայանումն անվճար է, քանի որ չկա իրավաբանական ուժ ունեցող նորմատիվային կարգավորում:
Ներկայումս ավտոկայանատեղիների համար գումարների գանձումն օրենքի խախտումով է իրականացվում և ըստ էության հանդիսանում է դատական ակտի չկատարում` ապօրինի արարք, որը չկատարելու, ապօրինությանը չենթարկվելու համար քաղաքացիները չեն կարող ենթարկվել պատասխանատվության», – գրել է իրավաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։