Էնշի Տուսիչեն. Չինաստանի հինավուրց իշխանական այս նստավայրը հրավիրում է ճամփորդելու պատմության քառուղիներով

Չինաստանի երեք էթնիկ ժողովուրդների՝ տուցզյա, մյաո և դուն, մշակույթի փառավոր խորհրդանիշ հանդիսացող Էնշի Տուսիչեն իշխանական հինավուրց նստավայրը հոյակապ ճարտարապետական ​համալիր է, որում ներդաշնակորեն համադրվում են տեղացիների շինարարական ավանդույթները, փորագրությունն ու նկարչությունը։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը «Աշխարհը դիմավորում է ձեզ այստեղ. արտասահմանյան լրագրողների ճամփորդություն Հուբեյում» ծրագրով լրագրողական շրջայց է կատարել այս ամրոցում՝ ծանոթանալով զբոսաշրջային հետաքրքիր ու ուշագրավ այս վայրի գրավիչ առանձնահատկություններին:

Պատմական տեսքի պահպանմամբ վերականգնված այս եզակի համալիրն իրավամբ համարվում է տուցզյա տարածաշրջանում տուսի (կառավարման համակարգ ֆեոդալական Չինաստանում, ըստ որի փոքրամասնություններով բնակեցված շրջանները, ենթարկվելով կենտրոնական իշխանությանը, միաժամանակ պահպանում էին տեղական ինքնավարությունը) դարաշրջանի ժառանգությունը պահպանող ամենամեծ և ամենակարևոր նախագիծը։

Շինարարության մասշտաբները ապշեցուցիչ են. յուրաքանչյուր մանրուք՝ սկսած նրբագեղ փորագրություններից, քանդակներից, մինչև հիասքանչ որմնանկարները, մարմնավորում են տեղացիների դարավոր իմաստությունը։ 

Այս շենքերի միջով քայլելը վերադարձնում է այն դարաշրջան, երբ տուցզյա հզոր առաջնորդները կառավարում էին շրջակա տարածքները, իսկ ավանդական արհեստները, մշակույթը ծաղկում էին ապրում։

Սա պարզապես հնագույն մասունք չէ, այլ  խնամքով վերստեղծված  իշխանական ճարտարապետական ավանդույթներից, բարդ արվեստից ու տեղացի ժողովուրդների կենսասեր ոգուց հյուսված վառ կտավ: 

Համալիրն ընդգրկելով լայն տարածք, կառուցվել է լեռան լանջին, ոլորապտույտ վտակների հարևանությամբ ՝ մարմնավորելով ձեռակերտ ստեղծագործության ներդաշնակ միաձուլումը բնության հետ։

Վերակառուցումն իրականացվել է պատմական գրառումների և ավանդական շինարարական տեխնոլոգիաների վրա: 

Այն ծառայում է որպես բացօթյա թանգարան՝ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հենց տուցզյա ժողովրդի սերունդների համար՝ առաջարկելով շոշափելի կապ արմատների հետ: 

Չինական հինավուրց ճարտարապետությունն արտացոլող այս գեղատեսիլ համալիրը, ոչ միայն լույս է սփռում տեղացիների պատմական նիստուկացի, ռազմարվեստի, մշակութային շերտերի վրա, այլ նաև ակամա խորը հարգանք է ներշնչում երկրի էթնիկ մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ:

Իշխանական նստավայրը, որը բաղկացած է տարբեր տեսարժան վայրերից, այդ թվում՝ հոյակերտ կամարը, տաճարը, հնում պալատական կյանքը վառ կերպով ներկայացնող ապարանքը, աշտարակները,  պարիսպները, զանգակատունը, էթնիկ արվեստի այգին, ցույց է տալիս տեղացիների պատմական արմատներն ու հարուստ սովորույթները:

Հատկապես համալիրի սիրտը հանդիսացող պալատը Չինաստանում մաքուր փայտե ճարտարապետության հազվագյուտ օրինակներից է: 

Նրա վեհությունն ու շքեղությունը դրսևորվում է խնամքով մշակված դիզայնով, տաղավարներով, աշտարակներով և բարձր քիվերով, որոնք դասավորված են ներդաշնակ և վեհաշուք:  

Հինավուրց այս քաղաքի պարիսպն այնպես է կառուցված, որ կրկնում է լեռան լանջի ուրվագծերը՝ ներդաշնակվելով բնությանը: 

Առավոտյան այս հոյակերտ վայրն այցելողները կարող են նաև ականատես լինել մշակութային ներկայացումների՝ հագեցած տուցզյա ժողովրդի երգերով և պարերով: Բացի այդ տեղում գործում է տոնավաճառ, էթնիկ տարազների վարձույթ, որից օգտվելն  այցելուների համար առավել   տպավորիչ կդարձնի պատմական անցյալին հաղորդակցվելու զգացողությունը:

Էնշի Տուսիչենն ավելին է, քան պարզապես ճարտարապետական գլուխգործոց. այն նաև պատմական մշակույթի պահպանման ու հանրահռչակման համարձակ հայտ կարելի է համարել: 

Leave a Comment