Հայաստանն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը համարում է սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը

Հայաստանի իշխանություններն Ադրբեջանից հնչող հայտարարություններն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին համարում են սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Այն, ինչ մենք լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանությունը կարո՞ղ է երբևէ քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի հավելյալ պահանջները, մասնավորապես ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի և Հայաստանի տարածքում բնակվելու վերաբերյալ՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից չկա, օրակարգում այդպիսի հարց չկա և չի քննարկվում»։ 

Leave a Comment