
ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու գաղափարը՝ նրա կողմից հնարավոր հարձակումը կանխելու համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է Magyar Nemzet-ը։
Նրա խոսքով՝ միության ներկայիս ղեկավարությունը փորձում է ԵՄ-ի գլխավոր նպատակը՝ համայնքի բարեկեցության ապահովումը, փոխարինել Ռուսաստանի դեմ պայքարով։
«Բրյուսելի ռազմական քարոզչության համաձայն՝ Ռուսաստանը կարող է հարձակվել ԵՄ երկրների և անգամ ՆԱՏՕ-ի վրա, և միայն կանխարգելիչ հարվածը կարող է կանգնեցնել նրան», – ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ որպես նման կանխարգելիչ հարված ԵՄ առաջնորդները դիտարկում են Ուկրաինայում պատերազմը, որը միությունը ցանկանում է շարունակել։
Օրբանն այդ նկատառումներն անվանել է անհիմն։ «Եվրոպան կարելի է պաշտպանել՝ առանց ուկրաինական պատերազմը շարունակելու», – ասել է Օրբանը։