Թաիլանդը չի վերանայի ռուսների համար գործող 60-օրյա անվիզա ռեժիմը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թաիլանդի զբոսաշրջության վարչության (TAT) ղեկավար Տհապանի Կիատֆայբունը՝ Թաիլանդի Չիանգ Մայ քաղաքում անցկացվող Thailand Travel Mart Plus 2025 զբոսաշրջային ցուցահանդեսի և տոնավաճառի ժամանակ։
«Այս տարի ամեն ինչ նույնն է մնում։ Ոչ մի փոփոխություն։ Ես երաշխավորում եմ, որ բոլոր երկրների համար վիզային կանոնները նույնը կմնան», – ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ ռուսների համար 60-օրյա անվիզա ռեժիմը կշարունակվի հաջորդ տարի։
Թագավորության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավատրան հրամայել է վերանայել օտարերկրացիների համար վիզային ռեժիմը՝ այն 60-ից կրճատելով մինչև 30 օր։
TAT-ի ղեկավարն ավելի վաղ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ երկրի իշխանությունները կպահպանեն 60-օրյա անվիզա ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար, եթե նրանց անհրաժեշտ լինի թագավորությունում մնալ 30 օրից ավելի։